Վոկալ պոեմ փոքր դահլիճում. «ԵՐԿԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ»
Ներկայացման մասին
Գ. ՍՎԻՐԻԴՈՎ «ԵՐԿԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ» ԷՊԻԿԱԿԱՆ ՎՈԿԱԼ ՊՈԵՄ | ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ
Գեորգի Սվիրիդովի «ԵՐԿԻՐ ՀԱՅՐԱԿԱՆ» էպիկական վոկալ պոեմը՝ ստեղծված Ավետիք Իսահակյանի տասնմեկ բանաստեղծությունների հիման վրա, առաջին անգամ կներկայացվի թատերականացված բեմադրությամբ
Բասի, տենորի և դաշնամուրի համար գրված այս ստեղծագործությունը ներկայացվում է որպես ամբողջական երաժշտադրամատիկական երկ, որտեղ Իսահակյանի բանաստեղծությունները միավորվում են միասնական գեղարվեստական ամբողջության մեջ՝ ձևավորելով հայրենիքի, նախնիների հիշողության, ժողովրդի իմաստության, անցյալի և ապագայի շուրջ ծավալվող էպիկական պատում
Կատարողներ՝
Հայկ Տիգրանյան
Հովհաննես Անդրեասյան
Կոնցերտմայստեր՝ Լուսյա Շահնազարյան
Նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան
Նախագիծն իրականացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և «Ասք» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ
Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» վոկալ-էպիկական պոեմի մասին
Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» («Страна отцов») էպիկական վոկալ- պոեմը ստեղծվել է 1950 թվականին՝ Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիման վրա։ 1949 թվականին հայ բանաստեղծի ստեղծագործություններին ծանոթանալուց հետո Սվիրիդովը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նրա պոեզիայի նկատմամբ և սկսել երաժշտություն գրել Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա։ Կոմպոզիտորի ուշադրությունը կենտրոնացել է Իսահակյանի պոեզիայի կարևոր շերտի՝ հայրենիքի, նրա պատմական ճակատագրի և ժողովրդի հոգևոր աշխարհի մասին խորհրդածությունների վրա։ Այս ստեղծագործական որոնումների արդյունքում ծնվել է «Երկիր Հայրական» վոկալ պոեմը։
Պոեմի գրական հիմքը Ավետիք Իսահակյանի տարբեր տարիներին գրված տասնմեկ բանաստեղծություններն են, որոնք, ունենալով ինքնուրույն բովանդակություն և գեղարվեստական առանձնահատկություններ, միավորվում են մեկ ամբողջական գաղափարական և դրամատուրգիական կառույցում։ Ստեղծագործությունը գրված է երկու տղամարդկային ձայնի՝ տենորի և բասի, ինչպես նաև դաշնամուրի համար։ Պոեմի կենտրոնական կերպարը Հայրենիքն է՝ ներկայացված Բանաստեղծի ընկալման և հայացքի միջոցով։ Տարբեր կերպարներն ու տեսարանները, ժողովրդի պատմական հիշողությունը, խաղաղ կյանքի պատկերները միավորվում են հայրենիքի ճակատագրի շուրջ։ Սվիրիդովը ստեղծագործությունը բնորոշել է որպես վոկալ պոեմ՝ դրանով իսկ ընդգծելով դրա ժանրային առանձնահատկությունն ու տարբերությունը սովորական ռոմանսային շարքից։
Պոեմի թատերականացված բեմադրությունն առաջին անգամ Հայաստանում ստեղծագործությունը ներկայացնում է ամբողջական բեմական մեկնաբանությամբ՝ կենդանի կատարողական և ռեժիսորական լուծումներով։ Դասական երաժշտության միջոցով հանրահռչակվում է Ավետիք Իսահակյանի պոեզիան՝ նորովի բացահայտելով դրա գեղարվեստական ուժն ու համամարդկային արժեքը։