Opera – Armenian National Opera
Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 4–5-ը կմասնակցի Կիպրոսի Պաֆոս քաղաքում անցկացվող «Աֆրոդիտե» միջազգային օպերային փառատոնի 24-րդ թողարկմանը՝ ներկայացնելով Գաետանո Դոնիցետիի հանրահայտ «Սիրո ըմպելիքը» օպերայի իր բեմադրությունը։

Թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, անդրադառնալով փառատոնին մասնակցությանը, նշել է.

«Մեր թատրոնի համար մեծ պատիվ և ուրախություն է մասնակցել այս հեղինակավոր փառատոնին և Պաֆոսի հանդիսատեսին ներկայացնել Գաետանո Դոնիցետիի հանրահայտ ու սիրված «Սիրո ըմպելիքը» օպերայի մեր բեմադրությունը։

Սա հրաշալի հնարավորություն է միջազգային հանդիսատեսին ներկայացնելու հայկական օպերային արվեստի ավանդույթները և միաժամանակ ամրապնդելու Հայաստանի ու Կիպրոսի միջև մշակութային կապերն ու բարեկամությունը։

Օպերան մարդկանց և մշակույթներին միավորելու բացառիկ ուժ ունի, և մենք ուրախ ենք դառնալ Պաֆոսի հեղինակավոր «Աֆրոդիտե» փառատոնի յուրահատուկ մթնոլորտի մի մասը՝ հանդիսատեսին փոխանցելով այս ստեղծագործության ջերմությունն ու անմոռանալի երաժշտությունը»։