ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ նվեր քարտ
Նվեր քարտ

Թատրոնի պատմությունը

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն

Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆ

ԵՐԵՔ «Ա»-ԵՐԻ ՕՊԵՐԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻ ՈՍԿԵ ԴԱՐԸ

ՆՈՐ ՃԱԽՐԱՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՈՒՄ

Օպերա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք հանդիսացող օպերային թատրոնը։ Սա պարզապես մշակութային կառույց չէ, այլ ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ ճարտարապետ Թամանյանի այս գլուխգործոցը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակին: Օպերային թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական դժվարին ժամանակահատվածում՝ նախորդ դարի առաջին կեսին, երբ ժողովուրդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն օպերային թատրոն ունենալու ցանկությունը վեր էր ցանկացած տեսակի դժվարությունից: Հայաստանի օպերային թատրոնից են վեր սլանում ազգային օպերայի ամեն մի հնչյունը, ազգային բալետի ամեն մի ճախրանքը, բեմի գույները: Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, փառահեղ բեմով, շքեղ հադիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:

ԵՐԵՔ «Ա»-ԵՐԻ ՕՊԵՐԱՆ

Հայաստանի օպերային թատրոնի վարագույրը բացվեց 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը թատրոնի երկհազարամյա պատմություն ունի, սակայն միայն 20-րդ դարում հնարավորություն ունեցավ կյանք տալու երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերայի և բալետի թատրոնի պատմության ձևավորմանը: Երեք «Ա»-երին` «Ալմաստ», «Անուշ», «Արշակ Երկրորդ» օպերաներին բեմական կյանք տալու հետ մեկտեղ, Օպերայի և բալետի ազգային թատրոնը դարձավ երաժշտաթատերական նոր երկրի ծննդյան, կոմպոզիտորների երևակայության խոշոր ազդակ: Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի ամենաշքեղ կենսագությունը: Այն 90 տարուց ավելի դարձել է յուրաքանչյուր հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի սրբազան օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիներին Հայաստանը տեսնելու և յուրովի ընկալելու առիթ:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1927թ. Երևանի պետական կոնսերվատորիայում տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների կազմերով էլ 1932թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության ներկայացմամբ 1933թ. հունվարի 20-ին: Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ.Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ. առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: Եվ պատահական չէ, որ գոյության առաջին տասնամյակը չբոլորած՝ 1939 թվականին, աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում՝ Մեծ Թատրոնի բեմահարթակին, Խորհրդային Միությունում առաջին անգամ անցկացված Հայ արվեստի և գրականության տասնօրյակին, մոսկովյան խստապահանջ արվեստասերին` հաջողությամբ ու վարպետորեն ներկայացնելով համաշխարհային դասական և ազգային օպերային և բալետային ներկայացումներ՝ արժանանալով կառավարական և պետական մեդալների, շքանշանների, կոչումների: Առաջինը Հայկանուշ Դանիելյանն արժանացավ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչմանը:

Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956 թվականին՝ Հայկական արվեստի և գրականության Երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաև հայ իրականության մեջ առաջին ազգային «Արշակ Բ» օպերան, որը բեմադրվել էր առաջին անգամ դեռևս 1945 թվականին, արդեն դիրիժորների, մեներգիչների նվագախմբի երաժիշտների ու երգչախմբի անդամների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով համալրված կազմով՝ գլխավոր դիրիժոր Մ.Թավրիզյանի ղեկավարությամբ:

Դիրիժորներից նշենք նաև Ա.Քաթանյանին, Յու.Դավթյանին, Վ.Չարչօղլյանին, Մ. Մկրտչյանին, Հ.Տերտերյանին, մեներգիչների ավագ սերնդին միացել էին Մ.Երկաթը, Է.Ուզունյանը, Ա.Կարապետյանը, Է. Չախոյանը, Ս. Մարտիրոսյանը և շատ ու շատ ուրիշներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻ ՈՍԿԵ ԴԱՐԸ

1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե», «Քաջ Նազար» և այլն։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր ստեղծման օրից ակտիվ գործունեություն է ծավալել հանդիսատեսի լայն շրջանի երաժշտական, գեղագիտական դաստիարակության ոլորտում՝ հանրահռչակելով տարբեր ժամանակների և ոճերի հայ, ռուս, արևմտաեվրոպական, դասական, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների երաժշտաբեմական ժանրի լավագույն նմուշները: Թատրոնում աճել և իրենց արվեստն են կատարելագործել երգիչների ու պարողների սերունդներ, որոնցից շատերը ճանաչման են արժանացել բազմաթիվ երկրներում:

Օպերային արվեստի նոր ներկայացումների ծնունդը նշանավորվում էր արտիստական նոր հայտնություններով. Տաթևիկ Սազանդարյան` երաժշտական թատրոնի հիասքանչ վարպետ, Պավել Լիսիցիան` երգի և բեմարվեստի մեծ երախտավոր, Նար Հովհաննսիյան` անզուգական բաս, վոկալ և արտիստական մեծ տաղանդով օժտված Միհրան Երկաթ: Օպերային բեմում փայլեց Գոհար Գասպարյանի տաղանդը, որի եզակի ձայնը և վիրտուոզ տեխնիկան միջազգային ճանաչում բերեցին մեր կատարողական արվեստին: Բալետի խմբի ինքնահարստացմանը մեծապես նպաստեցին Լյուբով Վոյնովա-Շիկանյանի, Ռուսուդանա Թավրիզյանի, Սիլվա Մինասյանի, Վանուշ Խանամիրյանի տաղանդն ու անձնվեր ջանքերը: Նրանց ժառանգները դարձան արտիստական նոր տաղանդները, նոր ձայները, նոր կատարումները, և օպերային ծանոթ կերպարները հնչեցրին Գոհար Գալաչյանը, Արշավիր Կարապետյանը, Սերգեյ Դանիելյանը, Անժելա Հարությունյանը, Էլվիրա Ուզունյանը և ուրիշներ: Նրանց շարունակելու եկան Օլգա Գաբայանը, Հենրիկ Ալավերդյանը, Տիգրան Լևոնյանը, Բորիս Գրեկովը, նաև` Էլլադա Չախոյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Վահան Միրաքյանը, Սուսաննա Մարտիրոսյանը: Օպերային արվեստին զուգահեռ հարստանում, ամրանում և առնականանում էր նոր բալետային արվեստը: Ազգային բալետի ստեղծողներ և զարգացնողներ դարձան Վիլեն Գալստյանը, Բելա Հովնանյանը, Ջուլիետ Քալանթարյանը, Էլվիրա Մնացականյանը, Ռուդոլֆ Խառատյանը և ուրիշներ:

1956թ. հայ արվեստի և գրականության երկրորդ տասնորյակի Մոսկվայում աննախադեպ հաջողությունից հետո Հայաստանի գլխավոր թատրոնին շնորհվեց Ակադեմիականի բարձր կոչումը:

1970թ. ամռանը մեկ ամիս շարունակ հյուրախաղային շուրջ 24 անուն ներկայացումով Հայաստանի օպերային թատրոնի արտիստները հանդես եկան Սոչիում:

1983թ. Հայաստանի ազգային օպերային թատրոնը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը, որի ընթացքում իրականացրել է համաշխարհային դասական և ազգային օպերաների և բալետների շուրջ 186 անուն բեմադրություն` արժանանալով հանրապետության ազգաբնակչության սիրուն ու խոր հարգանքին:

ՆՈՐ ՃԱԽՐԱՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

1990-1999թթ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանը բեմադրել է նոր խմբագրությամբ Տ. Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Ա. Տիգրանյանի «Անուշ», Ռ. Լեոնկովալլոյի «Հտպիտներ», Ջ. Վերդիի «Օթելլո», Գ.Դոնիձետտիի «Պողիկտոս» օպերաները, ապա ներկայացրել դրանք Մոսկվայում, Իսպանիայում,  ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:

1999 թվականից Հայաստանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր համաշխարհային ճանաչում ունեցող մեներգիչ Գեղամ Գրիգորյանը, գլխավոր դիրիժորը՝ Կ.Դուրգարյանը, տնօրենը՝ Կ.Հովհաննիսյանը:

Նույն թվականին կայացել է Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի (դիր. Վ.Չարչօղլյան), Ջ. Վերդիի «Տրուբադուր» (դիր. Օ.Դուրյան) վերաբեմադրության բեմելը: Հետագա տարիներին տեղի է ունեցել Վ. Բելինիի «Նորմա», Ժ.Բիզեի «Կարմեն», Ս.Ռախմանինովի «Ալեկո», Տ. Չուխաջյանի «Արշակ Բ», Է. Հովհաննիսյանի «Վարդանանք», Ա.Պիացցոլլայի «Տանգո», Ա.Տերտերյանի  «Երկրաշարժ», Ա.Խաչատրյանի «Սպարտակ», Ա. Տիգրանյանի «Ալմաստ», Վ.Մոցարտի «Դոն Ժուան» օպերաների և բալետների վերաբեմդրություների և բեմադրությունների բեմելը:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտիստները հյուրախաղերով հանդես են եկել Լիբանանում, Մոսկվայում, Սալոնիկում, Ստամբուլում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Աբու Դաբիում, Կատարում, Սանկտ-Պետերբուրգում,Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդիան Արաբիայում:

Ներկայումս Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ջանքերով Հայաստանի գլխավոր թատրոնը շարունակում է հայ օպերային և բալետային արվեստի ավանդույթները:

Վերջին մեկ տարվա ընթացքում թատրոնում կայացան համաշխարհային միանգամից մի քանի պրեմիերաներ՝ Պ.Չայկովսկի «Մարդուկ- Ջարդուկը», Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ», Ս.Ռախմանինով «Սիմֆոնիկ պարեր», Ջ.Վերդի «Տրավիատա» և «Ալեկո» օպերաների վերականցնում: Կայացավ նաև հայ կոմպոզիտորներից Ա.Տերտերյանի «Սոմա.Կրակե օղակը» օպերայի պրեմիերան: Առջևում սպասվում է Լ.Շանթի «Հին Աստվածներ» դրամայի հիման վրա կառուցված համանուն բալետի պրեմիերան,դե իսկ այս շարքը շարունակական է:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԸ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարիների ընթացքում տվել է և շարունակում է տալ արժեքներ, որոնք անմար են ողջ պատմության համար:

Օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն ունի հայ հասարակության կյանքում և ձգտելու է պահպանել այն դարեր շարունակ: Ունենալով այն ժառանգությունը, որ թողել են մեր ազգի փառապանծ մեծերը՝ թատրոնն այսօր շարունակում է իր գաղափարախոսությունը. հայ գիտակ արվեստասերին հանձնել բարձր մշակույթ և կրթել արվեստասերի մի նոր սերունդ, որի համար այս թատրոնը կդառնա կենսական նշանակության մի վայր:

Վերջին մի քանի տարիները կարելի է համարել թատրոնի նոր իրականությանը հարմարվելու և զարգացման ժամանակաշրջան: Լավագույն ձևով 2004թ.-ին վերաբեմադրվեց Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը Մինաս Ավետիսյանի էսքիզներով, որոնք վերականգնեց թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, մեծանուն նկարչի որդու` Նարեկ Ավետիսյանի խորհրդատվությամբ (բեմադրությունը` Վիլեն Գալստյանի, դիրիժոր` Կարեն Դուրգարյան): Այն մեծ հաջողությամբ ներկայացվեց Եգիպտոսում, Հունաստանում, Թուրքիայում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Բալետային ներկայացումներում փայլում են բալետի դերասաններ Զավեն Հարությունյանը, Մարիա Դիվանյանը, Ժակլինա Սարխոշյանը, Սոնա Առուստամյանը, Արմեն Գևորգյանը, Մովսես Խաչիկյանը, Կարեն Մաճկալյանը, Լևոն Համբարձումյանը:

Այս տարիների ընթացքում թատրոնի ստեղծագործական խմբի հետ հյուրախաղերով հանդես են եկել հրավիրված մեներգիչներ` Հասմիկ Պապյանը (Ավստրիա), Էմմա Պապիկյանը (Ֆրանսիա), Ալին Գութանը (Կանադա), Կարո Նշանյանը (ԱՄՆ), Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), Գուրգեն Հովսեփյանը (Սլովակիա), Սուսաննա Բագամյանը (Ֆրանսիա), Տիգրան և Հայկ Մարտիրոսյանները, Բարսեղ Թումանյանը, Վահան Միրաքյանը (Ավստրիա), Յուրի Ալեքսեևը (Սանկտ-Պետերբուրգ), Խուան Տարպինյանը (Արգենտինա) և Բաթումիի օպերային թատրոնի մի շարք մեներգիչներ Ալեքսանդր Խոմերիկիի գլխավորությամբ, դիրիժորներ` Ֆրանց Վասսերմանը (Գերմանիա), Ռիչարդ Ասլանյանը (ԱՄՆ), Միգել Օրտեգան (Իսպանիա), Վադիմ Շուբլաձեն (Վրաստան), Կառլոս Վիուն (Արգենտինա), Հայկ Դավթյանը (Ֆրանսիա), Վ.Մարտինեսը (Իսպանիա), Էդուարդ Դյադուրան (Մոսկվա), բալետի մենակատարներ` Տիգրան Միքայելյանը, Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը (Շվեյցարիա), Դավիթ Գալստյանը (Ֆրանսիա), Սոնա Խառատյանն ու Ջոնաթան Ջորդանը (ԱՄՆ):

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը հայկական օպերայի հպարտությունն է, ավանդույթների հարստությունը և թատրոնի պատմությանը հանգող երգեցողական մշակույթը:

30-ականների սկզբին նոր թատրոն հրավիրված Վ. Նիկոլսկին ստեղծում է օպերային երգչախումբ և դնում խմբերգի հիմունքները, որոնք սերտորեն կապված էին ռուսական խմբերգի ավանդույթների հետ: Հայաստանի Հանրապետության զարգացման հետ մեկտեղ ինքնագիտակցությունն ու երգեցողության խոր ազգային ավանդույթներն իրենց մարմնավորումն են գտնում խմբավարների աշխատանքներում: Բեմադրվում է Տիգրանյանի «Անուշ»-ը (1932), որտեղ մասշտաբային խմբական տեսարանները չեն զիջում երգչախմբի համար ամենադժվար օպերաներից մեկին՝ Բիզեի «Կարմեն»-ին (1959):

Երգչախումբը մեծ շուքով մասնակցում է ավելի քան հիսուն թատերական բեմադրություններում՝ թողարկելով 3-7 պրեմիերաներ տարվա մեջ: Խորհրդային Լենինգրադում և Մոսկվայում հյուրախաղերը աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և պատասխանատվությամբ: Առաջին անգամ խորհրդային ժամանակաշրջանում կատարվեց Բելինիի «Նորմա»-ն, որն ընդունեցին երկրի գլխավոր քաղաքում անդադար օվացիաներով: Մեծանուն խմբավարներ Կ. Կարապետյանի, Ռ. Այվազյանի աշխատանքները բարձրացնում են երգչախումբը նոր մակարդակի վրա:

Անհնար է չնշել Հայաստանի Հանրապետության նշանավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի ավանդը, որի կապելլայի հետ միասին Ա. Սպենդիարյանի երգչախումբը կատարեց «Արշակ Երկրորդ» օպերան:

Մեկ դարի ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի երգչախումբը սերտորեն համագործակցում էր այնպիսի տաղանդաշատ դիրիժորների հետ, ինչպիսիք են Մ. Թավրիզյանը, Յու. Դավթյանը, Վ. Սպիվակովը, Ֆ. Ագուդինը, Մ. Վենդեբերգը, Կ. Դուրգարյանը, Ջ. Փահլևանյանը:

Ա.Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի երգչախմբի խաղացանկը բավականին մեծ է՝ սկսած հայկական, ռուսական և արտասահմանյան դասական օպերային կտավներից մինչ կանտատային օրատորիական ժանրը և a cappella խմբային ստեղծագործությունները, որոնք միշտ կատարվել են բնագրի լեզվով:

Թատրոնում համերգային կատարումներով բեմ բարձրացան հայ ժամանակակից կոմպոզիտորներ Էդվարդ Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» օպերան և Աշոտ Բաբայանի «Սպիտակ» թատերականացված սիմֆոնիան, ինչպես նաև պետական պատվերով բեմադրվեց Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան (ռեժիսոր` Լևոն Իվանյան, դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), Է.Հովհաննիսյանի և Ա.Պիացցոլլայի երաժշտության հիման վրա բեմականացված «Վարդանանք» և «Տանգո» բալետները, իսկ 2010 թվականին բեմադրվեցին «Ստաբատ Մատեր» և «Բախի կրքերը» Պերգոլեզիի և Յո.Ս.Բախի երաժշտության հիման վրա Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ:

Սխրագործություն էր «Սպարտակ» բալետը, որի բեմադրության համար հրավիրված էր Յուրի Գրիգորովիչը (դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և Մեծ թատրոնի մենապարողներ Պավել Դմիտրիչենկոն, Աննա Նիկուլինան, Եկատերինա Շիպուլինան, Վլադիմիր Նեպորոժնին: Իրենց կատարումներով փայլեցին բալետի մենապարողներ Ռուբեն Մուրադյանը/ՀՀ վաստ.արտիստ/, Սևակ Ավետիսյանը/ՀՀ վաստ.արտիստ/, Նարեկ Մարտիրոսյանը, Արմեն Գևորգյանը, Սյուզաննա Փիրումյանը,/ՀՀ վաստ.արտիստ/, Մերի Հովհաննիսյանը/ՀՀ վաստ.արտիստ/:

Նմանատիպ բեմադրությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ թատրոնը հաջողությամբ կարողանում է իրականացնել մեծամասշտաբ նախագծեր: Ի դեպ՝ դա հաստատվում է տարեցտարի: Հանրապետության մշակութային կյանքում տեղի ունեցող բոլոր խոշոր միջոցառումներին, տոնախմբություններին ու տոնակատարություններին իրենց պարտադիր մասնակցությունն են բերում թատրոնի ստեղծագործական խմբերը` սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը: 

Ներկայացումներ են բեմադրել Իրկին Գաբիտովը Սանկտ-Պետերբուրգից («Ալեկո,Տրավիատա»), Գեորգի Իսահակյանը Պերմից («Ալմաստ») և Իրինա Գաչեչիլաձեն Թբիլիսիից («Դոն Ժուան») և այլոք: 

Իրականացվել են նաև Պ.Չայկովսկու «Իոլանտա» և Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների համերգային կատարումները` դիրիժորներ Կարեն Դուրգարյանի և Ֆակունդո Ագուդինի (Շվեյցարիա) ղեկավարությամբ:

Հայաստանի մարզերում օպերային արվեստը ներկայացնելու անհրաժեշտությունը կարևորելով` թատոնը հանդես է եկել նաև Գյումրիում, Սպիտակում, Դիլիջանում,Վանաձորում:

Թատրոնի խաղացանկում ներկայումս կարևոր տեղ են զբաղեցնում Ջուզեպպե Վերդիի «Աիդա» և Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաները, որոնց բեմադրությունն իրականացրել են Իտալիայից և Վրաստանից հրավիրված ռեժիսորներ Մարիո Կորրադին («Աիդա») և Գիզո Ջորդանիան («Սայաթ-Նովա»):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՈՒՄ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս ներկայացրել է Հայաստանի սահմաններից դուրս՝ միջազգային ասպարեզում՝ հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական և կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաև հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:

Ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն ապրում է իր զարգացման շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերը: 

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու համար:

Դասական արվեստի այս կենտրոնը ազգային օպերային և բալետային արվեստի ստեղծման ու զարգացման օջախ լինելուց բացի, մեծապես նպաստեց նաև համաշխարհային ստեղծագործությունների մարմնավորման, երաժշտական արվեստի փոխթափանցման գործին, եղավ օպերային ու բալետային արտիստների իսկական դպրոց, խթանեց այդ ժանրի ազգային ստեղծագործությունների ծննդին, ճանաչում և փառք բերեց հայ երգարվեստին, պարարվեստին և մեր ողջ մշակույթին:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարիների ընթացքում տվել է և շարունակում է տալ արժեքներ, որոնք անմար են ողջ պատմության համար:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն ունի հայ հասարակության կյանքում և վստահաբար ձգտելու է պահպանել այն հետայսու նույնպես՝ հանդիսատեսին փոխանցելով բարձր մշակույթ և կրթելով արվեստասեր հասարակության նոր սերունդ, որի համար օպերային թատրոնը կդառնա կենսական նշանակության մշակութային հաստատություն: