Ս. Ռախմանինով — Ալեկո

Օպերա  1 գործողությամբ

Գնչուների թափառախումբը հանգրվանել է գետափին: Երեկո է: Ալեկոն երկու տարի է, ինչ լքել է բարձրաշխարհիկ հասարակությունը և թափառում է գնչուների հետ: Նա և դեռատի Զեմֆիրան սիրել են միմյանց, բայց շուտով մարում է աղջկա սերը տղայի հանդեպ:

Զեմֆիրայի հայրը հիշում է իր ջահել տարիներն ու դժբախտ սերը: Մարիուլան ընդամենը մեկ տարի հավատարիմ մնաց իրեն: Լքելով փոքրիկ դստերը` նա հեռացավ ուրիշի հետ:
Ալեկոն չի կարողանում հասկանալ` ինչո՞ւ գնչուն սիրադավիցվրեժխնդիր չի եղել. անձամբ ինքն առանց տատանվելու, նույնիսկ քնած թշնամուն կնետեր անդունդը:

Բայց Զեմֆիրան և իր գաղտնի սիրեկանը` երիտասարդ գնչուն, այլ կերպ են մտածում. ինչո՞ւ պատժել. չէ՞ որ սերն ազատ է:

Ծերունու պատմությանպատճառած տրտմությունը գնչուները փորձում են ցրել ուրախ պարերով: Այդ ընթացքում Զեմֆիրան և երիտասարդ գնչուն առանձնանում են: Դրան ի տես` Ալեկոյի հոգում այրող խանդ է բռնկվում:

Լույսը բացվում է: Զեմֆիրան Ալեկոյից զգուշանալով` շտապ հրաժեշտ է տալիս սիրեցյալին, իսկ Ալեկոն արդեն վստահ է նրա դավաճանությանը: Բայց և փորձում է վերադարձնել աղջկա սերը: Սակայն` իզուր: Ալեկոն` ցասումով լեցուն, սպանում է սիրեկաններին:

Զեմֆիրայի հայրն ութափառախումբը պահանջում են, որ մարդասպանը լքի իրենց:

Մերժված Ալեկոն կրկին մենության է դատապարտված:

Ավարտական քննությունից առաջ կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանի շրջանավարտ Սերգեյ Ռախմանինովը առաջադրանք ստացավ գրելու դիպլոմային աշխատանք` օպերա, ըստ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի լիբրետոյի` գրված Պուշկինի «Գնչուներ» պոեմի հիման վրա:

Օպերան ստեղծվեց ընդամենը 17 օրում: Քննական հանձնաժողովը Ս. Ռախմանինովին ամենաբարձր գնահատականի արժանացրեց: Կոմպոզիտորի անունը փորագրվեց կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների մարմարյա հուշատախտակին:

1893 թվականի ապրիլի  27-ին ( մայիսի 9-ին) Մոսկվայի Մեծ թատրոնում աննախադեպ հաջողությամբ կայացավ օպերայի պրեմիերան: Ներկայացմանը ներկա Պ. Չայկովսկին ջերմորեն արտահայտվեց երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործության մասին: