Ջ. Վերդի — Տրավիատա

Օպերա 4 գործողությամբ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Ուրախ, անհոգ երեկո է կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի սալոնում: Տանտիրուհու երկրպագուները տոնում են նրա ապաքինումը. ծանր հիվանդությունը կարծես նահանջել է: Հյուրերի թվում է Ալֆրեդ Ժերմոնը, որը վաղուց սիրահարված է թեթևամիտ, կարճատև կապերի տարերքում ապրող Վիոլետային: Գաստոնը համոզում է Ալֆրեդին օգտվել առիթից և տիկնոջ համար երգել սիրո և կյանքի ցնծագին երգը:

Հնչում է վալսի մեղեդին` պարի հրավիրելով հյուրերին: Ալֆրեդը մենակ է Վիոլետայի հետ ու խոստովանում է նրան իր սերը: Վիոլետային գրավում է երիտասարդի զգացմունքը, նրան կամելիա է նվիրում` թեթևաբարո կյանքի այդ նշանը ու ժամադրություն նշանակում: Ալֆրեդը հուսավառված հեռանում է: Հյուրերը` նույնպես: Մնալով մենակ` Վիոլետան սրտահույզ հիշում է Ալֆրեդի կրքոտ խոսքերը: Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զգացմունքի, և հոգում պատասխան սեր է բորբոքվում:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետան ու Ալֆրեդը երրորդ ամիսն է, ինչ առանձնացել են Փարիզի արվարձանում գտնվող ամառանոցում: Այստեղ նրանք վայելում են իրենց երջանկությունը, բայց Ալֆրեդը պատահաբար տեղեկանում է սպասուհի Աննինայից, որ Վիոլետան ծախսերը հոգալու նպատակով թաքուն վաճառում է իր զարդերը և կառքը: Ալֆրեդը շտապում է Փարիզ` ֆինանսներ հայթայթելու: Վիոլետային հանձնում են ընկերուհու` Ֆլորայի հրավերը մասնակցելու հերթական պարահանդեսին: Վիոլետան անտարբեր մի կողմ է դնում նամակը:

Վիոլետան այլայլված է: Ալֆրեդի սերը նրա միակ ուրախությունն է: Ժերմոնը հավատում է դրան և այնժամ դիմում է աղջկա բարի սրտին. չէ որ Ալֆրեդի կապը Վիոլետայի հետ կարող է խանգարել նրա քրոջ ամուսնությանը: Զիջելով Ժերմոնին` Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը: Նա Ալֆրեդին հրաժեշտի նամակ է գրում: Ժերմոնը զուր է փորձում համոզել հուսախաբված որդուն, որ վերադառնա ընտանիքի գիրկը: Հանկարծ նկատելով Ֆլորայի երկտողը, Ալֆրեդն այլևս չի կասկածում, որ Վիոլետան դավաճանել է իրեն և շտապում է Փարիզ` վրեժ լուծելու նրանից:

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պարահանդես է: Զվարճանում է «գիշերային Փարիզը»: Թղթախաղի սեղանի մոտ է Ալֆրեդը: Ներս է մտնում Վիոլետան իր վաղեմի երկրպագու` բարոն Դյուֆալի հետ: Ֆլորան հայտնում է Վիոլետային, որ Ալֆրեդն այդտեղ է և հնարավոր է բախվի բարոնի հետ, որը նույնպես միացել է թղթախաղին: Վիոլետան ծանր է վերապրում բաժանումն Ալֆրեդից: Իսկ վերջինս էլ առիթ է փնտրում ընդհարվելու բարոնի հետ: Վիոլետան` տագնապած է. պետք է կանխել հասունացող մենամարտը: Ալֆրեդը` վերջնականապես համոզված, որ Վիոլետան լքել է իրեն, հյուրերի ներկայությամբ նրա երեսին է շպրտում թղթախաղում շահած փողերը. «Ես վճարում եմ այս կնոջ համար»… Այդ պահին դահլիճ է մտնում Ժերմոնը, որը հանդիմանում է որդուն, թեև չի բացահայտում Վիոլետայի անձնազոհ քայլի գաղտնիքը:

ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետան սիրո դրժման տառապանքից և հիվանդությունից դանդաղ մարում է: Բժիշկ Գրենվիլը գիտե, որ վախճանը մոտ է: Վիոլետան կարգադրում է Աննինային մնացած փողերը բաժանել չքավորներին: Մնալով մենակ` կրկին ընթերցում է Ժերմոնի նամակը, որով նա հայտնում է` Ալֆրեդը գիտե ամեն ինչ Վիոլետայի վեհանձն զոհողության մասին: Աննինան հայտնում է, որ եկել է Ալֆրեդը: Անսահման է սիրահարների բերկրանքը: Բայց և` կարճատև: Վիոլետայի ուժերը սպառվում են, բայց ինքը չի ուզում մահանալ, չէ որ երջանկությունն այնքան մոտ է: Ժորժ Ժերմոնը վստահ է, որ ո՛չ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնությանը, ո՛չ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ գեղեցկուհուն: Արդեն ուշ է: Վիոլետան մի վերջին ճիգով փարվում է սիրեցյալին ու հանգչում նրա գրկում: