Ջ. Վերդի — ԱԻԴԱ

Օպերա 4 գործողությամբ

              

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Փարավոնի պալատը Մեմֆիսում: Քրմապետ Ռամֆիսը հայտնում է զորավար Ռադամեսին, որ եթովպացիները սպառնում են Եգիպտոսին պատերազմով: Ռադամեսը փափագում է գլխավորել զորքը, հաղթել եթովպացիներին և փառքով պսակված՝ վերադառնալ իր սիրելի Աիդայի մոտ, որը Փարավոնի դուստր Ամներիսի ստրկուհին է: Վերջինս նույնպես սիրահարված է Ռադամեսին, և կասկածում է, որ իր ատելի մրցակցուհին Աիդան է: Ստրկուհու սիրտն ալեկոծվում է իր ժողովրդի ճակատագրի անորոշությունից և Ռադամեսի սիրուց:

Իր շքախմբով, քրմերով ու պալատականներով հայտնված Փարավոնին սուրհանդակը հայտնում է, որ եթովպացիները Ամոնասրո արքայի գլխավորությամբ մոտենում են Թեբե քաղաքին: Փարավոնը հայտնում է, որ Իզիդա աստվածուհու կամոք Ռադամեսը զորահրամանատար է կարգվում: Շփոթված է Աիդան: Ոչ ոք չգիտե, որ նա Ամոնասրոյի դուստրն է: Նա աղոթում է հոր հաղթանակի համար, բայց և գիտակցում, որ այդ հաղթանակը նշանակում է իր սիրեցյալի պարտությունը կամ մահը: §Աստվածնե՛ր, գթացե՛ք ինձ¦, — աղերսում է նա:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

\Ամներիսը իր ապարանքում լոգանք է ընդունում: Լոգանքից հետո սպասուհիները զուգում են տիրուհուն, գովերգում Ռադամեսի սխրանքները: Աիդայի և Ռադամեսի սիրո մասին իր կասկածները փարատելու նպատակով Ամներիսը դիմում է խորամանկության` ասելով, թե Ռադամեսը սպանվել է մարտադաշտում: Աիդայի սոսկումը հաստատում է արքայադստեր կռահումը և նա սպառնում է, որ ճակատագրական կիրքը մահ կբերի նրան: Ապա հայտնում է, որ Ռադամեսը ողջ է:

Հրապարակ Թեբե քաղաքում: Ժողովուրդը ցնծությամբ դիմավորում է հաղթանակած զորքին: Այստեղ է Աիդան:

Ռադամեսը ծնկի է իջնում Ամներիսի առջև, որը թագով է պսակում հաղթանակած զորավարին:

Փարավոնը խոստանում է ի պատիվ նրա կատարել ինչ որ ցանկանա: Ռադամեսը  նախ խնդրում է բերել գերեվարված եթովպացիներին: Գերիների մեջ է Աիդայի հայրը` Ամոնասրոն, որը հասցնում է զգուշացնել դստերը չմատնել իրեն: Ներկայանալով իբրև սովորական զինվոր` նա հայտնում է, որ եթովպացիների արքան սպանվել է մարտում և փարավոնին խնդրում է ազատ արձակել գերիներին: Ռամֆիսը և քրմերը դեմ են: Ի վերջո, փարավոնն իր խոստմանը հավատարիմ, որոշում է ընդառաջել Ռադամեսին, ազատել գերիներին, սակայն Ռամֆիսի պահանջով որպես պատանդ պահելով Աիդային և նրա հորը: Ապա նա հայտնում է, որ արքայադուստր Ամներիսին կնության է տալիս քաջ զորահրամանատար Ռադամեսին:

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Իզիդայի տաճարը Նեղոսի ափին: Մակույկից իջնում են Ռամֆիսը և Ամներիսը: Արքայադուստրը պսակադրությունից առաջ եկել է աստվածուհուն աղոթելու: Ռադամեսի կանչով եկած Աիդան սպասում է իրենց վերջին հանդիպմանը:

Ամոնասրոն ստիպում է դստերը իմանալ Ռադամեսից` ի՞նչ ճանապարհով է նա տանելու զորքը և ո՞րն է պակաս պաշտպանված: Աիդան սոսկումով հակառակվում է, և հայրը մեղադրում է նրան իր ժողովրդին դավաճանելու համար: Հոր նզովքը ստիպում է Աիդային համաձայնել:

Գալիս է Ռադամեսը: Նրան չեն գրավում թագավորական փառքն ու պատիվը, ոչ էլ ամուսնությունը արքայադստեր հետ: Նա հավատարիմ է միայն իր սիրույն՝ Աիդային: Եվ աղջիկն առաջարկում է իր սիրեցյալին փախչել միասին: Ռադամեսը հրաժարվում է` դավաճանություն համարելով փախուստը: Բայց ի վերջո հաղթում է սերը: Համաձայնելով փախչել՝ նա նշում է, թե որ ճանապարհն է ազատ եգիպտական զորքից: Դուրս գալով թաքստոցից՝ Ամոնասրոն հայտնում է իր ով լինելը: Այդ պահին տաճարից դուրս են գալիս Ամներիսն ու Ռամֆիսը: §Դավաճան¦, — գոչում է արքայադուստրը:  Եթովպացի արքան ու Աիդան փախչում են… Ռադամեսը՝ գիտակցելով իր մեղքը, հանձնվում է քրմապետին:

ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ամներիսը հրամայում է բերել բանտարկված Ռադամեսին, որին ուզում է փրկել: Կխնդրի փարավոնին ներում շնորհել,  միայն թե Ռադամեսն ընդունի իր սերը: Բայց նա անկոտրում է: Լուռ կանգնում է քրմերի դատարանի առջև: §Խոսի՛ր¦, — աղերսում է Ամներիսը: Դարձյալ լուռ է. Հայրենիքի դավաճանն արդարացում չունի: Դատարանի վճիռն անխուսափելի է՝ մինչ ի մահ բանտել նրան անելանելի զնդանում: Ռադամեսը սպասում է մահվան՝ մտքերով Աիդայի հետ: Հանկարծ ձայն է լսում. Աիդան է, որը թաքուն թափանցել է զնդան` իր սիրեցյալի հետ դիմավորելու մահը: Սիրահարների վերջին հրաժեշտի զուգերգին արձագանքում է անսփոփ Ամներիսի աղոթքը: