Ա. Սպենդիարյան — ԱԼՄԱՍՏ

Օպերա 2 գործողությամբ

Առաջին գործողություն

Պարսիկների ճամբար: Պարսկական զորքին ոչ մի կերպ չի հաջողվում նվաճել հայկական Թմուկ բերդը: Որոշելով ոգևորել իր զորապետների մարտական ոգին` պարսից շահը նկարագրում է նրանց ավերված Հայաստանի մեռյալ պատկերը: Սակայն այդ պահին հայտնվում է սուրհանդակը և հայտնում, որ իշխան Թաթուլը չի համաձայնվում պարսիկներին հանձնել շրջապատված բերդը: Համոզվելով, որ հայերին հնարավոր չէ հաղթել բաց ճակատամարտում, Նադիր շահը օգնություն է խնդրում ծեր շեյխից:  Շեյխը խորհուրդ է տալիս գրավել Թաթուլի կնոջը` փառասեր գեղեցկուհի Ալմաստին, խոստանալով նրան պարսկական թագը և նրա միջոցով ներխուժել Թմուկ բերդ: Շեյխի առաջարկությունը ոգևորում է Նադիր շահին: Նա իշխանուհու մոտ է ուղարկում աշուղին` նրա միջոցով հաղորդելու իր առաջարկությունը: Երեկո էր: Նադիր շահն իր առաջնորդների հետ սկսում է խորհրդավոր աղոթք:

Թմուկ բերդում կանայք նախշազարդում են վանքի ծածկոցը: Հայտնվում է հուզված Ալմաստն իր ընկերուհի Գայանեի հետ: Գայանեն հայտնում է իշխանուհուն, որ գիշերը լսել է նրա տագնապալից զառանցանքը: Ալմաստը տենդագին շշնջում է. «Լռիր…Կսպանեմ»: Գուշակուհու խոսքերն ավելի են շփոթեցնում Ալմաստին: Հնչում է քամանչայի ձայնը. աշուղն է` Նադիր շահի պատգամավորը, ով եկել է իշխանուհուն հայտնելու շահի առաջարկը: Ալմաստը հրապուրվում է աշուղի երգով: Նա համակվել է հակասական զգացմունքներով: Նրա մեջ խոսում են փառասիրությունն ու ձգտումը դեպի պարսկական գահը, զղջումն ու սերը դեպի Թաթուլը: Հաղթական մարտից հետո հանդիսավորությամբ բերդ է վերադառնում Թաթուլն իր զինվորների հետ:

Երկրորդ  գործողություն

Հայերը տոնում են իրենց հաղթանակը: Թաթուլի զինակիցը` Ռուբենը, կենաց է առաջարկում իշխանի պատվին: Այնուհետև կենաց-բաժակ է բարձրացնում Թաթուլը: Նա խմում է զինվորների կենացը, հիշում մարտի դաշտում զոհված հերոսներին: Սկսում են պարել:  Ցանկանալով բավարարել իր փառասիրական տենչանքները և միևնույն ժամանակ խուսափել դավաճանությունից` Ալմաստը դիմում է Թաթուլին` խնդրելով նրան նվաճել հեռավոր երկրներ և իրեն դարձնել աշխարհի տիրուհի: Սակայն Թաթուլի համար խորթ և օտար են Ալմաստի փառասիրական երազանքները: Համոզվելով Թաթուլի անսասանության մեջ` իշխանուհին վերջնականապես որոշում է ընդունել Նադիր շահի առաջարկությունը: Իր մոլեգին վիճակն Ալմաստն արտահայտում է խելացնոր պարով: Ընդհատելով պարը` Ալմաստը բարձրացնում է իր գավաթը: Երբ հարբած զինվորներն ու Թաթուլը խորը քուն են մտնում, Ալմաստը պայմանական ազդանշան է տալիս պարսիկներին:

«Մարգարեական ձայներն» իզուր են ջանում արթնացնել զինվորներին: Պարսիկները գրավում են անպաշտպան բերդը: Հայերը պարտված են, սակայն հաղթանակը չի ուրախացնում շահին: Նա հրամայում է ներս բերել Ալմաստին: Եվ այստեղ իշխանուհին հասկանում է, որ իրեն սպասում է ոչ թե պարսկական գահը, այլ Նադիրի հարեմի հարճի տեղը: Խաբված և սարսափահար իր արարքից` Ալմաստը նետվում է դեպի Նադիր շահը և դաշունահարում նրան: Շահի թիկնապահները նիզակահարում են Ալմաստին: