Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը նշվեց օպերային թատրոնում

 

Հոկտեմբերի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ օպերային մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մեծանուն երգչուհու պատկերով «Հայփոստի» նախաձեռնությամբ թողարկված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, ցուցադրվեց  երգչուհու արխիվային լուսանկարները, ինչպես նաև կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին պատմող տեսանյութեր:
Նույն օրը երեկոյան թատրոնում ներկայացվեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան, որը նվիրված էր Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին։ Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 6-ը 9-րդ անգամ կանցկացնեն Տ. Սազանդարյանի անվան երիտասարդ մեներգիչների հանրապետական մրցույթը։
Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916 թ. Օգոստոսի 20-ին ՀՀ Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ): Տասը տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար: 1929թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում: 1933-ից հանդես է եկել կամերային համերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մասնակցել է Ռուբեն Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը: 1937թ. ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից վոկալ-դրամատիկական ստուդիան՝ Սարգիս Բարխուդարյանի դասարանը: 1960թ. էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1937թվականից եղել է Երևանի Ա.Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Տ. Սազանդարյանը հանդիսացել է Փառանձեմի (Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ»), Աննայի (Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա») դերերգերի առաջին կատարողը: Հատուկ երգչուհու համար են գրվել Թամարի (Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Շուշանի (Ա.Բաբաևի «Արծվաբերդ»), Նազելիի (Հ.Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ.), Բերբերոյի (Ա.Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը: Նրա հնչեղ և արտահայտիչ ձայնը, երաժշտականությունը, կերպարանափոխման ձիրքը, բեմական վառ տաղանդը նրա մարմնավորած կերպարներին հաղորդել են դրամատիկական հնչողություն: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա), Ստրավինսկու «Էդիպ արքա» (Իոկաստա), Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակովնա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա» (Ուլյա Դրոմովա) և այլն: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն: Եղել է Ա.Սաթյանի, Ա.Հարությունյանի, Է.Միրզոյանի, Ղ.Սարյանի, Ս.Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Բելգիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Թունիսում, Հունգարիայում, Ալժիրում, Չեխոսլովակիայում և այլուր: 1961թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1970թ-ից՝ պրոֆեսոր), 1972-77թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1977թվականից հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչը: 1956 թվականին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1997թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Գնումներ