Ջ. Պուչինի- Տոսկա

Օպերա 3 գործողությամբ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1800 թվական: Հռոմ: Սանտ Անդրեա եկեղեցում հայտնվում է ավստրիական զավթիչների կալանքից փախած հանրապետական գործիչ Անջելոտտին, որին քույրը՝ մարկիզուհի Ատտավանտին, նրա պատսպարվելու համար այստեղ պահել է իրենց ընտանեկան մատուռի բանալին: Հազիվ է հասցրել թաքնվել, երբ մտնում է ծերուկ սպասավորը, որն ուտելիք ու նկարչապարագաներ է բերել Մարիո Կավարադոսիի համար: Շուտով հայտնվում է և նա, որն աղոթող Մագթաղինացու կիսավարտ դիմանկարի վրայից հանում է ծածկոցը: Երիտասարդ հոգում ապրում են թե իր նկարի բնորդուհու և թե սիրած կնոջ՝ երգչուհի Ֆլորիա Տոսկայի կերպարները:

Կարծելով, թե եկեղեցում ոչ ոք չկա, զգույշ դուրս է գալիս փախստականը: Պարզվում է, որ նա  ու Մարիոն վաղեմի մտերիմներ են, և նկարիչը որոշում է փրկել ընկերոջը:

Վրա է գալիս Տոսկան և տեսնելով գեղեցկուհու դիմանկարը՝ խանդի տեսարան է սարքում: Ի վերջո հեռանում է՝ դժվարությամբ համոզվելով, որ բնորդուհին իր ախոյանը չէ:

…Թնդանոթի պայթյուն: Անջելոտտիի փախուստը հայտնաբերված է, և Կավարադոսին նրան շտապ ուղարկում է իր քաղաքամերձ առանձնատունը:

Սկսվում է ժամերգությունը՝ ի նշանավորումն ռազմաճակատում ավստրիացիների տարած հաղթանակի: Այստեղ է նաև Հռոմի ամենազոր ոստիկանապետ Սկարպիան: Բոլոր հետքերը վկայում են, որ փախստականը այստեղ է եղել, և Կավարադոսին պետք է որ տեղյակ լինի նրա թաքստոցի մասին: Հետաքննության պահին եկեղեցի է վերադառնում Տոսկան: Երգչուհով վաղուց ի վեր հրապուրված ոստիկանապետը կռահում է, որ նրա մեջ բորբոքելով ակնհայտ խանդը, կպարզի Կավարադոսիի օգնությամբ թաքնված հանրապետականի ապաստարանը: Նշանակում է նկարիչը կգնդակահարվի, և Տոսկան կլինի իրենը:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ռազմական հաղթանակի առթիվ տոնական հանդիսություն է Ֆարնեզե պալատում: Իրարամերժ, անհանգիստ զգացմունքներ են համակել Սկարպիային: Նրան հայտնում են, որ Անջելոտտիին չեն գտել, բայց համենայն դեպս բերել են Կավարադոսիին, որը հավանաբար գիտե նրա տեղը:

Մինչ հարցաքննում են նկարչին, պալատի դահլիճից լսվում է Տոսկայի երգը: Մարիոն համառում է, ոչինչ չի մատնում, իսկ ներս մտած Տոսկային էլ հասկացնում է, որ լռի:

Սկարպիան Մարիոյին ուղարկում է խոշտանգումների սենյակ ու սկսում հարցաքննել երգչուհուն: Վերջինս դիմադրում է, սակայն լսելով խոշտանգվող Կավարադոսիի ճիչը՝ բացահայտում է Անջելոտտիի թաքստարանը:

Սկարպիան հասել է իր նպատակին. Կավարադոսիի մեղքն ապացուցված է: Մանավանդ որ նա անզգուշաբար հրճվում է՝ լսելով Մարենգոյի ճակատամարտում ավստրիացիների պարտության լուրը. վերջապես իր հայրենիքը կազատվի նվաճողների լծից… Մարիոյին մահապատիժ է սպառնում: Փրկությունը Տոսկայի ձեռքում է, եթե միայն հանաձայնի դառնալ ոստիկանապետի հարճը: Հանուն սիրած էակի, անելանելի վիճակում հայտնված, նույնիսկ նրա կողմից դավաճան համարվելու գնով Տոսկան ընդունում է առաջարկը՝ հավատալով նենգամիտ ոստիկանի խոստմանը, թե Մարիոյին կգնդակահարեն… դատարկ փամփուշտներով: Երգչուհու ներկայությամբ նա իբր համապատասխան հրաման է տալիս ենթակային և նույնիսկ անցագիր ստորագրում սիրահար զույգի համար: Այժմ Սկարպիան արդեն կարող է իրենը համարել Տոսկային, որը, սակայն, հասցնում է դանակահարել ոստիկանին ու նրանից կորզել այնքան մոտ թվացող փրկության արտոնաթուղթը:

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Սանտ-Անջելո ամրոցի բանտախցից դուրս են բերում Մարիոյին: Նրա վերջին խնդրանքն է երկտող թողնել սիրած կնոջը:

«Հասել է ժամն իմ հրաժեշտի, և ես

Երբե~ք, երբե~ք այսչափ չեմ տենչացել ապրել»:

Անսպասելի հայտնվում է Տոսկան և ցնծալից հայտնում Մարիոյին, որ ձևական է լինելու գնդակահարությունը: Միայն թե մի քիչ դիմանա, և իրենք փրկված են:

Հնչում է համազարկը: Տոսկան զարհուրած համոզվում է, որ Կավարադոսին սպանված է, ու ինքն էլ  այլևս ապրելու իրավունք չունի…