Ոսկե Դիմակ

Նախարարը շնորհավորեց Ավետիսյանին, որն առաջինը Հայաստան բերեց «Ոսկե դիմակ» մրցանակը

«Ոսկե դիմակ» փառատոնի նախագահ Անդրեյս Ժագարսը համանուն մրցանակը երեկ Օպերային թատրոնում հանձնեց հասցեատիրոջը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում «Ոսկե դիմակի» է արժանացել ապրիլին՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի՝ «Ոսկե դիմակ» փառատոնին: Դասական արվեստում «Օսկարին» հավասարազոր մրցանակը Հայաստան բերած Օպերային թատրոնի մեներգչին այսօր շնորհավորելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց.

«Վստահ եմ, որ դուք մեր Օպերային թատրոնը լավագույնս եք ներկայացնում համաշխարհային բեմերում: Ապագայի այն հույսերը, որոնք կապում ենք ձեզ հետ, նոր լույս ու շնչառություն են բերելու օպերային հայ արվեստին: Շնորհակալ ենք՝ այսքան երիտասարդ տարիքում այսպիսի մեծ վաստակ ունենալու համար»:

Երիտասարդ մեներգչին մեկ անգամ ևս շնորհավորեց ու իր երախտագիտությունը հայտնեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանը.

«Դուք առաջի′նը Հայաստան բերեցիք այս հրաշալի մրցանակը: Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն քեզ համար, այլև երկրի»:

Օրբելյանը տեղեկացրեց, որ արտիստի, իր բնորոշմամբ՝ «նվաճած» «Մանոն» ներկայացումը կցուցադրվի նաև Երևանի օպերային թատրոնի բեմում՝ Լիպարիտի և Հայաստանի այլ աստղերի մասնակցությամբ ևս: Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:

Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ «Ոսկե դիմակն» իր համար, իսկապես մեծ անակնկալ էր: Մրցանակի մասին իմացել է այն ժամանակ, երբ արդեն Երևանում էր. Ավագ Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգի փորձից տուն էր վերադառնում, երբ ավտոմեքենայի մեջ զանգահարեց ընկերն ու ասաց.«Լիպարի՛տ, «Ոսկե դիմակը» մերն է»:

Երազած դերերգի մասին նախարարի հարցադրմանն ի պատասխան, Լիպարիտ Ավեսիսյանն ասաց, որ դրանք շատ են. հիմնականում դրամատիկական դերեր են, որոնք ավելի հասուն տարիք են պահանջում. այժմ՝ տարիքից ելնելով, ավելի շատ լիրիկական դերերգերով է հանդես գալիս:

Ասում են՝ բեմը, այն էլ Օպերային թատրոնի բեմը, գոնե մեկ աստիճանով արտիստին պետք է բարձրացնի մյուսներից: Տաղանդից ու պրոֆեսիոնալիզմից զատ ինչո՞վ է առանձնանում թատրոնի իրական նվիրյալը.

«Մեր հայացքն է ուրիշ, անգամ գույները մենք այլ կերպ ենք տեսնում, նաև մեր տեսիլքն է ուրիշ»,-ասաց Երևանի օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչը, որի՝ միջազգային ամենահեղինակավոր բեմերում հյուրախաղերի ժամանակացույցը, ներառյալ 2019 թվականը, ամբողջովին լրացված է:

Գնումներ