Նարինե Անանիկյան

Կենսագրություն

Ծնվել է Երևանում:

Երաժշտական կրթությունը ստացել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում՝ պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարանում: Դեռ ուսանողական տարիներին ունեցել է մենահամերգներ և հանդես է եկել որպես մենակատար  Օպերային ստուդիայի բեմում՝ կատարելով Լոլայի  (Մասկանիի «Գեղջկական ասպետություն»), Դքսուհու ( Պուչչինի «Քույր Անջելիկա»), Օլգայի( Չայկովսկի «Եվգենի Օնեգին») դերերգերը:

2001 թվականին Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր  դերերգով կայացավ Նարինե Անանիկյանի դեբյուտը Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերայի և Բալետի Թատրոնում, որտեղ և հանդես է  գալիս մինչ  օրս՝ կերտելով Ադալջիզայի(«Նորմա»), Ազուչենայի(«Տրուբադուր»), Մադդալենայի («Ռիգոլետտո»), Սուձուկիի(«Մադամ Բաթերֆլայ»), Ամներիսի («Աիդա»), Փառանձեմի («Արշակ Երկրորդ»), Ալմաստի («Ալմաստ»), Ֆիլիպևնայի («Եվգենի Օնեգին»)  կերպարները:

Նարինե Անանիկյանը մասնակցում է   վոկալ-սիմֆոնիկ մեծ կտավի ստեղծագործությունների կատարմանը որպես մենակատար (Բախ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մաթեոսի», Հենդել «Մեսսիա»,Պերգոլեզի «Ստաբատ Մատեր», Մոցարտ «Ռեքվիեմ», Բեթհովեն «Հանդիսավոր մեսսա» և 9րդ Սիմֆոնիա, Ռոսսինի «Ստաբատ Մատեր» և «Հանդիսավոր մեսսա», Վերդի «Ռեքվիեմ» ):

Նարինե Անանիկյանը ելույթներ է ունեցել Հայաստանի անվանի կոլեկտիվներ՝ Ազգային  Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային Ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, «Սերենադ» և «Տաղարան» համույթների հետ, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ:

Նարինե Անանիկյանի կատարողական դիապազոնը ծավալվում է բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությունից մինչև արդի երաժշտարվեստ: Նա մասնակցել է երաժշտական բազմաթիվ փառատոներին, այդ թվում նաև Սանկտ –Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» հեղինակավոր փառատոնին, «Պլատոնովյան» փառատոնին, հոգևոր երաժշտության բազմաթիվ փառատոների, «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր» փառատոնին, Լիբանանի հռչակավոր Բեյթեդդին փառատոնին:

Մասնակցել է նաև Շուշիում կայացած «Արծվաբերդ» օպերայի բացօթյա բեմականացմանը՝ կատարելով Շուշանի դերերգը, հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում՝ Ազուչենայի և Կարմենի դերերգերով:

Գնումներ