Կոնստանտին Օրբելյան

Constantine Orbelian

 

«Կոնստանտին Օրբելյանը գործում է երկու խոշոր ստեղծագործական միավորներում՝ նպաստելով դրանց ներդաշնակ փոխգործակցությանը և զարգացնելով այն ամեն դրականը, որ ունի դրանցից յուրաքանչյուրը» /”Fanfare”/: Ռուսական զույգ նվագախմբերի՝ Պետական ակադեմիական կամերայինի և ”Philharmonia of Rossia”-ի ղեկավարման նրա բացառիկ փորձն իր սկիզբն առավ 1991 թվականին, իրոք որ բախտորոշ այն նախադեպով, երբ ինքը դարձավ առաջին ամերիկյան քաղաքացին, ում Ռուսաստանում վստահվեց ստանձնել երկրի երաժշտական կոլեկտիվի ղեկը:

2004 թ. հունվարին Օրբելյանին շնորհվեց Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, որը մինչ այդ երբեք չէր շնորհվել օտարերկրյա քաղաքացու: Հիրավի նշանակալի են նրա ծառայությունները մշակութային և երաժշտական փոխադարձ կապերի ասպարեզում. թե ականավոր արտասահմանյան մենակատարների համերգներ ռուսական բեմերում, թե նվագախմբերի փայլուն ելույթներ ռուս արտիստների մասնակցությամբ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Կորեայում:

”Opera News” հանդեսը Կոնստանտին Օրբելյանին բնորոշում է իբրև մի դիրիժորի, որի մասին երգիչը կարող է միայն երազել, նկատելով, թե նա վոկալ երկացանկը ուղեկցում է «դաշնակահար-նվագակցողի նրբազգացությամբ»:

՛՛The Audio Critic՛՛ հանդեսի կարծիքով «Օրբելյանն աստղ է, նրա նվագախմբի նվագն աչքի է ընկնում արտահայտման ճշգրտությամբ»: Ասվածը կատարելապես վերաբերում է ժամանակակից կամերային և սիմֆոնիկ երաժշտության, ինչպես նաև օպերային երկերի ձայնագրությունների պատկառելի հավաքածուին այնպիսի սքանչելի երգիչների կատարմամբ, որպիսիք են Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Դմիտրի Խվորոստովսկին, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանովսկան. ավելի քան երեք տասնյակ ձայնասկավառակ, որ թողարկել է  ”Delos” ամերիկյան ֆիրման:

Օրբելյանի հագեցված համագործակցությունը Դմիտրի Խվորոստովսկու հետ ամփոփում է բազմաթիվ ելույթներն ու համերգները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի քաղաքներում համաշխարհային համերգաշարերը պատերազմական տարիների երգերի ծրագրով /2005 թ./, «Ռուսաստանին՝ սիրով» երգացանկը /2007 թ./, ինչպես նաև վերջին տարիներին ավանդույթ դարձած «Դմիտրի Խվորոստովսկին և իր բարեկամները» համերգային ծրագիրը՝ աշխարհահռչակ օպերային աստղերի մասնակցությամբ: Ռուսաստանի մշակութային կյանքում երևելի իրադարձություն էր 2013 թվականի հունիսին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած համերգը, ուր Օրբելյանի հետ ելույթ ունեցան ռուսական օպերայի ականավոր արտիստներ Խվորոստովսկին և Աննա Նետրբեկոն: Համերգը դիտում էին Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի միլիոնավոր երաժշտասերներ:

Շարունակելով զարգացնել այն ամենայն լավը, որ գոյություն ունի ռուս-ամերիկյան մշակույթում, Օրբելյանը 2010 թվականին հանդես եկավ որպես «Երաժշտական Ոդիսականը Սանկտ-Պետերբուրգում» հրաշալի երաժշտական ֆիլմի պրոդյուսեր. Էրմիտաժ թատրոնի նվագախմբի հետ, մաեստրոյի ղեկավարությամբ երգում են Դմիտրի Խվորոստովսկին և Ռենե Ֆլեմինգը:

Ամերիկյան օպերային տենոր Լոուրենս Բրաունլիի և Օրբելյանի ղեկավարած Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Ռոսսինիի վիրտուոզ մեներգերի ձայնագրություններն ամփոփող ձայնասկավառակը 2014 թ.-ին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ «լավագույն դասական ալբոմ մեներգային վոկալով» անվանակարգում, դառնալով նշանակալի իրադարձություն ոչ միայն հռչակավոր դիրիժորի, այլև Kaunas city symphony orchestra-ի կյանքւմ, որը Օրբելյանը գլխավորում է 2013 թվականից:

Կ. Օրբելյանը ծնվել է Սան-Ֆրանցիսկոյում, հայ ներգաղթողների ընտանիքում: Արդեն իսկ 11 տարեկանում  որպես մենանվագող դաշնակահար առաջին ելույթն է ունեցել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ավարտելով Նյու Յորքի Ջուլիարդ կոնսերվատորիան՝ Օրբելյանը որպես մենակատար համերգներ է տալիս աշխարհի շատ երկրներում: 1980-90 թվականներին հանդես է եկել շեւրջ 750 համերգով, իսկ Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի կատարումը «Տարվա լավագույն ձայնագրություն» է ճանաչվել Մեծ Բրիտանիայում:

Կ. Օրբելյանը հիմնադիրն է «Սանկտ-Պետերբուրգի պալատները» կամերային երաժշտության ամենամյա միջազգային փառատոնի, ինչպես նաև տարիներ շարունակ եղել է «Կրեմլի թանգարանների երաժշտական գանձերը» համերգաշարի գեղարվեստական ղեկավարը:

Մաեստրոյի հարուստ վաստակը արժևորվել է բազմաթիվ պետական պարգևներով. 2001 թվականի մայիսին վարպետը ԱՄՆ-ում պարգևատրվել է Էլլիս Այլենդի Պատվո մեդալով, որը աչքի ընկնող նվաճումների համար շնորհվում է ներգաղթողներին կամ նրանց զավակներին: 2011 թ.-ին Ռուսաստանում մշակութային կապերի զարգացման և ամրապնդման համար նա արժանացել է Բարեկամություն շքանշանի, իսկ 2015 թ.-ին, Հայաստանում՝ Բարեկամություն շքանշանի:

2016 թ.-ի հուլիսին Կ. Օրբելյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի օգոստոսին՝ նույն թատրոնի տնօրեն:

Գնումներ