Համառոտ

Հայաստանի օպերայի և բալետի  ազգային  ակադեմիական թատրոնը

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական դժվարին ժամանակահատվածում՝ նախորդ դարի առաջին կեսին, երբ երկիրը գտնվում էր  ծանր վիճակում: Սակայն օպերային թատրոն ունենալու ցանկությունը վեր էր ամեն կարգի դժվարությունից: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ ստեղծագործական շուքով, կառույցի դասական գեղեցկությամբ, փառահեղ, տեխնիկայի վերջին խոսքով սարքավորված բեմով և ավելի քան 1000 տեղ ունեցող  հադիսասրահով, շքեղ, ընդարձակ ճեմասրահներով ու օթյակներով:

Օպերային թատրոնի վարագույրը բարձրացավ 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը, որն ուներ թատրոնի երկհազարամյա պատմություն, միայն քսաներորդ դարում հնարավորություն ունեցավ աշխարհ բերելու երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերաներ և բալետներ: Թատրոնը դարձել է հայկական երաժշտաթատերական նոր երկրի ծննդյան, կոմպոզիտորների երևակայության հզոր ազդակ: Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի հարուստ կենսագությունը: Թատրոնը ութսուն տարուց ի վեր հանդիսանում է յուրաքանչյուր հայի զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի արտահայտման սրբազան օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիների համար Հայաստանը, նրա արվեստը տեսնելու առիթ:

Իր գոյության տասնամյակներին թատրոնը բեմ է բարձրացրել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային ժամանակակից և դասական խաղացանկի տասնյակ ու տասնյակ ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը նույնիսկ երեքից չորս և ավելի բեմադրությամբ: Թատրոնի զարդն են եղել ու են «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Բ» օպերաները, «Գայանե», «Սպարտակ» բալետները, Վերդիի, Չայկովսկու Ռոսինիի, Բիզեի, Դոնիցետիի, Բելինիի, Ստրավինսկու և այլ մեծերի գործերը:

Թատրոնին միջազգային համբավ են բերում հայկական օպերային և բալետային արվեստների խոշոր վարպետներ, ինչպես նաև այժմ հանդես եկող երիտասարդ արտիստներ՝ միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթողներ ու դափնեկիրներ:

Թատրոնի ազդագրերում տեղ են գտել ինչպես Հայաստանի, այնպես էլ հրավիրյալ ականավոր ռեժիսորների, բալետմայստերների, նկարիչների աշխատանքներ: Թատերախմբի հետ աշխատել են նաև համաշխարհային հռչակ վայելող դիրիժորներ, վոկալ և պարային արվեստների աստղեր, որոնք հյուընկալվել են Երևանում: Թատրոնի հյուրախաղերին ծափահարել են Մոսկվան, Ս.Պետերբուրգը, Փարիզը, Բեռլինը, Լոս Անջելոսը, աշխարհի այլ երկրների դահլիճները:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը միակն է աշխարհում, որ կոչված է զարկ տալու հայկական օպերային և բալետային արվեստի զարգացմանը, դրա պրոպագանդմանը:

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային ու բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու նպատակով:

Օպերայի պատմությունը /տեսաֆիլմ, հեղինակ՝ Հ. Մանուկյան/