Թատրոնի մասին

main_history

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅ Ն ԹԱՏՐՈՆԸ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք` Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:Սա պարզապես մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական կոթող, որի հեղինակն է համաշխարհային հռչակ վայելող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Նրա այս գլուխգործոցը 1937 թվականին արժանացել է Փարիզի  համաշխարհային ցուցահանդեսի մեծ մրցանակին: Օպերային թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական բարդ ժամանակահատվածում՝ նախորդ դարի 30-ականների կեսերին: Սակայն օպերային թատրոն ունենալու ցանկությունը վեր էր ամեն կարգի դժվարությունից: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, տեխնիկայի վերջին խոսքով զինված բեմով, շքեղ հադիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով:

 

tigran-chukhajyan

Տ. Չուխաջյան

aleksandr-spendiaryan

Ա. Սպենդիարյան

ԵՐԵՔ «Ա»-ԵՐԸ ԽԹԱՆԻՉ

Հայաստանի օպերային թատրոնի վարագույրը բարձրացավ 1933 թվականի հունվարի 20-ին: Հայ ժողովուրդը թատրոնի երկհազարամյա պատմություն ունի, սակայն միայն 20-րդ դարում հնարավորություն ստացավ  կյանք տալու հայ երաժշտաթատերական արվեստի գագաթը հանդիսացող օպերայի և բալետի թատրոնի պատմության ձևավորմանը: Երեք «Ա»-երը` «Ալմաստ», «Անուշ», «Արշակ Երկրորդ» օպերաները բեմ հանելուն մեկտեղ,  թատրոնը դարձավ նաև երաժշտաթատերական նոր երկրի ծննդյան, կոմպոզիտորների երևակայության դրսևորման հզոր ազդակ: Այստեղ է ամփոփված հայ երաժշտական կյանքի հարուստ կենսագրությունը: Թատրոնը ութսուն տարուց ի վեր դարձել է  հայ մարդու զգացմունքների, մտքերի, նվիրական իղձերի արտահայտման սուրբ օջախ, մեր երաժշտական մշակույթի պարծանք, իսկ օտարերկրացիների համար նաև Հայաստանին, նրա արվեստին ծանոթանալու  առիթ:

armem-tigranyan

Ա. Տիգրանյան

ՊԱՏՄԱԿԱՆ  ԱԿՆԱՐԿ

1927թ.-ին Երևանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ հիմնվեց օպերային ստուդիա, որի երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների կազմերով էլ 1932թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Նա իր կյանքն սկսեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933թ-ին. հունվարի 20-ից: Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ.-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակ բերվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից  թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական սեփական սկզբունքների մշակմանը, իր ուրույն դիմապատկերը կերտելուն: Եվ պատահական չէ, որ գոյության առաջին տասնամյակը չբոլորած՝ 1939 թվականին, թատերախումբը աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում՝ Մեծ Թատրոնի բեմում, Խորհրդային Միությունում առաջին անգամ անցկացված Հայ արվեստի և գրականության տասնօրյակին՝ մայրաքաղաքի խստապահանջ արվեստասերին վարպետորեն ներկայացնելով ազգային օպերային և բալետային ներկայացումներ: Թատրոնի մի խումբ արտիստներ արժանացան շքանշանների,  մեդալների,  պատվավոր կոչումների, այդ թվում և Հայկանուշ Դանիելյանը, որն ստացավ  ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:

Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956 թվականին՝ հայ արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակում, երբ ներկայացվեց նաև 19-րդ դարում ստեղծված  առաջին հայկական ազգային «Արշակ Երկրորդ» օպերան, որն առաջին անգամ բեմադրվել էր դեռևս 1945 թվականին, իսկ այժմ արդեն համալրվել արտիստների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով, գլխավոր դիրիժոր Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ:

tamanyan

Ալ. Թամանյան

about

shara-talyan

Շ. Տալյան

nar-hovhannisyan

Ն. Հովհաննիսյան

gohar

Գ. Գասպարյան

tatevik

Տ. Սազանդարյան

ՀԱՅԿԱԿԱՆ  ՕՊԵՐԱՅԻ ՈՍԿԵ  ԴԱՐԸ

1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ: Իր ստեղծման օրից թատերախումբն ակտիվ գործունեություն է ծավալել հազարավոր հանդիսատեսներիի ներգրավման, նրանց երաժշտական, գեղագիտական դաստիարակության ոլորտում՝ ներկայացնելով տարբեր ժամանակների և ոճերի հայ, ռուս, արևմտաեվրոպական, դասական, և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտաբեմական  լավագույն գործերը: Թատրոնում աճել և իրենց արվեստն են կատարելագործել երգիչների ու պարողների մի շարք սերունդներ, շատերը ճանաչման են արժանացել բազմաթիվ երկրներում: Թատրոնի ստեղծագործական կայացմանը, սեփական դեմքի ձևավորմանն իրենց ծանրակշիռ ավանդն են բերել այդտեղ մշտապես աշխատող, կամ հրավիրյալ դիրիժորներ՝ Ա. Մելիք-Փաշաևը, Կ. Սարաջևը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Ռ. Ստեփանյանը, Հ. Ոսկանյանը, Կ. Դուրգարյանը, ինչպես նաև բեմադրիչներ Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը, Վ. Վարդանյանը, Հ. Ղափլանյանը, Պ. Աֆեյանը, Վ. Բագրատունին, Տ. Լևոնյանը, բալետմայստերներ Ի. Արբատովը, Մ. Լավրովսկին, Ե. Չանգան, Մ. Մարտիրոսյանը, Ա. Ասատրյանը, Մ. Մնացականյանը, Վ. Գալստյանը և ուրիշներ:

Տարիների ընթացքում օպերային և բալետային բեմադրությունների ծնունդը նշանավորվում էր սքանչելի արտիստական հայտնություններով. Տաթևիկ Սազանդարյան` երաժշտական թատրոնի հիասքանչ վարպետ, Պավել Լիսիցյան` երգի և բեմարվեստի մեծ երախտավոր, Նար Հովհաննիսյան` անզուգական բաս, վոկալ և արտիստական անուրանալի տաղանդով օժտված Միհրան Երկաթ: Օպերայի բեմում առանձնակի փայլեց Գոհար Գասպարյանի տաղանդը: Նրա եզակի ձայնը և վիրտուոզ տեխնիկան միջազգային ճանաչում բերեցին հայ կատարողական արվեստին: Բալետի խմբի հարստացմանը մեծապես նպաստեցին Լյուդմիլա Սեմենովայի, Լյուբով Վոյնովա-Շիկանյանի, Ռուսուդանա Թավրիզյանի, Սիլվա Մինասյանի, Վանուշ Խանամիրյանի անձնվեր ջանքերը: Ավագ մեներգիչների արժանավոր ժառանգները դարձան, Գոհար Գալաչյանը, Արշավիր Կարապետյանը, Սերգեյ Դանիելյանը, Անժելա Հարությունյանը, Էլվիրա Ուզունյանը և ուրիշներ: Նրանց գործը շարունակելու եկան Օլգա Գաբայանը, Հենրիկ Ալավերդյանը, Տիգրան Լևոնյանը, Բորիս Գրեկովը, ապա նաև` Էլլադա Չախոյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Վահան Միրաքյանը, Հասմիկ Պապյանը: Օպերային խմբին զուգահեռ հարստանում,  առնականանում էր բալետային կազմը հանձինս Վիլեն Գալստյանի, Բելա Հովնանյանի, Ջուլիետ Քալանթարյանի, Էլվիրա Մնացականյանի, Ռուդոլֆ Խառատյանի:

1956թ. հայ արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակում ունեցած աննախադեպ հաջողությունից հետո  թատրոնին շնորհվեց Ակադեմիականի բարձր կոչումը:

haykanush-danielyan

Հ. Դանիելյան

mihran-erkat

Մ. Երկաթ

galachyan

Գ. Գալաչյան

vanush

Վ. Խանամիրյան

ՆՈՐ ՃԱԽՐԱՆՔ

1990-1999թթ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանը նոր խմբագրությամբ  բեմադրեց է Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», «Կարինե», Ա. Տիգրանյանի «Անուշ», Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ», Ջ. Վերդիի «Օթելլո», ապա և առաջին անգամ՝ Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերաները:

1999 թվականից Հայաստանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր համաշխարհային ճանաչում վայելող երգիչ Գեղամ Գրիգորյանը, ով որոշ ընդմիջումից հետո, 2015 թ-ին, նույն կարգավիճակով վերադարձել է թատրոն:

Նրա օրոք կայացել է Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի,  Ջ. Վերդիի «Տրուբադուր» Վ. Բելինիի «Նորմա», Ժ. Բիզեի «Կարմեն», Ս. Ռախմանինովի «Ալեկո», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Է. Հովհաննիսյանի «Վարդանանք», Ա. Պիացցոլլայի «Տանգո», Ա. Տերտերյանի  «Երկրաշարժ», Ա. Խաչատրյանի «Սպարտակ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Վ. Մոցարտի «Դոն Ժուան» օպերաների և բալետների առաջին բեմելը կամ վերընթերցված բեմադրությունը:

Թատրոնի արտիստները հյուրախաղերով հանդես են եկել Լիբանանում, Մոսկվայում, Սալոնիկում, Ստամբուլում, Կահիրեում, Ալեքսանդրիայում,  Աբու-Դաբիում, Կատարում, Սանկտ-Պետերբուրգում և այլուր:

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Դասական արվեստի այս ճանաչված կենտրոնը ազգային օպերային և բալետային արվեստի  օջախ լինելուց բացի, մեծապես նպաստել ու նպաստում է համաշխարհային գլուխգործոցների բեմական մարմնավորման, տարբեր երկրների երաժշտաթատերական արվեստի փոխներթափանցման գործին, շարունակելով մնալ օպերային ու բալետային արտիստների կատարելագործման հեղինակավոր դպրոց, ճանաչում  բերելով հայ երգարվեստին ու պարարվեստին:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կարևորագույն առաքելություններց մեկն է նաև ազգային երաժշտաթատրոնի համար նախատեսված նոր ստեղծագործությունների ծննդյան խրախուսումը: Հիրավի  անհնար է գերագնահատել նրա դերը ժողովրդի գաղափարական, գեղագիտական դաստիարակության հայկական մշակույթի համակողմանի հարստացման գործում:

ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարիների ընթացքում ստեղծել և շարունակում է ստեղծել մնայուն բեմական  արժեքներ:

Նա իր ուրույն տեղն ունի հայ հասարակության մշակութային կյանքում: Այն ժառանգության վրա, որ թողել են երաժշտաթատերական բեմի փառապանծ մեծերը՝ թատրոնն այսօր էլ ձգտում է  արվեստասերին հանձնել բարձր արվեստ,  նրա համար դառնալով կենսական նշանակության մի վայր:

 2004թ.-ին լավագույնս վերաբեմադրվեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը մեծ հաջողությամբ ներկայացվեց Ռուսաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: Բալետային գլխավոր դերերում փայլում և  փայլում են՝Զ. Հարությունյանը, Մ. Դիվանյանը, Ժ. Սարխոշյանը, Ս. Առուստամյանը, Ա. Գևորգյանը, Մ. Խաչիկյանը, Կ. Մաճկալյանը, Լ. Համբարձումյանը:

Օպերային թատրոնի կյանքի նորագույն շրջանում առաջին իսկ բեմելով թատրոնի կազմում հաստատուն տեղ գրավեցին մի ամբողջ խումբ երիտասարդ մեներգիչներ՝ Հ.Թորոսյանը, Գ. Հակոբյանը, Պ. Քարազյանը, Մ. Դեինյանը, Ք. Սահակյանը, Լ. Սողոմոնյանը, Ն. Բադալյանը, Մ. Մկրտչյանը, Ն. Անանիկյանը, Լ. Գրիգորյանը, Լ. Հակոբյանը, Լ. Ղազարյանը,  Ա. Մնացականյանը, Ա. Դեմուրճյանը, Ս. Մելքոնյանը, Պ. Բեազբեկյանը, Հ. Այվազյանը, Ս. Աղամալյանը, Դ. Բաբայանցը, Հ. Տիգրանյանը, Կ. Խաչատրյանը, Գ. Բավեյանը:

Մշտապես թատերախմբի հետ հանդես են եկել հրավիրված հայազգի մեներգիչներ` Հասմիկ Պապյանը (Ավստրիա), Էմմա Պապիկյանը (Ֆրանսիա), Ալին Գութանը (Կանադա), Կարո Նշանյանը (ԱՄՆ), Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), Գուրգեն Հովսեփյանը (Սլովակիա), Սուսաննա Բագամյանը (Ֆրանսիա), Տիգրան և Հայկ Մարտիրոսյանները, Բարսեղ Թումանյանը, Վահան Միրաքյանը (Ավստրիա), ինչպես նաև Խուան Տարպինյանը (Արգենտինա),  ինչպես  նաև Յուրի Ալեքսեևը (Սանկտ-Պետերբուրգ), Բաթումիի օպերային թատրոնի մի շարք մեներգիչներ Ալեքսանդր Խոմերիկիի գլխավորությամբ,  նվագախումբը ղեկավարել են դիրիժորներ` Ֆրանց Վասսերմանը (Գերմանիա), Ռիչարդ Ասլանյանը (ԱՄՆ), Միգել Օրտեգան (Իսպանիա), Վադիմ Շուբլաձեն (Վրաստան), Կառլոս Վիուն (Արգենտինա), Հայկ Դավթյանը (Ֆրանսիա), Վ. Մարտինեսը (Իսպանիա), Էդուարդ Դյադուրան (Մոսկվա), բալետի մենակատարներ` Տիգրան Միքայելյանը, Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը (Շվեյցարիա), Դավիթ Գալստյանը (Ֆրանսիա), Ջանլուկա Մարչանոն (Իտալիա),  Սոնա Խառատյանն ու Ջոնաթան Ջորդանը (ԱՄՆ):