Դիմակահանդեսի պրեմիերան

masquerade_site

«Դիմակահանդեսի» պրեմիերան՝ մարտի 5-ին. Օպերային թատրոնն ամբողջացնում է Արամ Խաչատրյանի 3 բալետների փունջը Ս. թ. մարտի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը: Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. նկարիչ/: Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը /Արբենին/, Մերի Հովհաննիսյանը /Նինա/, ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը /Շտրալ/, Միլիտոն Կիրակոսյանը /Զվեզդիչ/, Գրիգոր Գրիգորյանը /Անհայտը/, սոպրանո Դիանա Հարությունյանը /Նինայի ձայն/: 1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի (Մոսկվայի Եվ. Վախթանգովի անվան թատրոն), իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի (Մոսկվայի Մ. Գորկու անվան թատրոն) բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ: «Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել…», — «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Գնումներ