Ս. Պրոկոֆև — ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ

Բալետ 3 գործողությամբ

Առաջին գործողություն

Նախերգանք

Լուսաբաց: Վերոնա: Հեռվից երևում է Ռոմեոն՝ Մոնտեգյուի որդին՝ տարված թախծոտ անուրջներով:

Հրապարակ: Քաղաքն արթնանում է, և հետզհետե հրապարակում մարդիկ են հավաքվում: Մտնում են Ռոմեոյի ընկերները՝ Մերկուտիոն և Բենուոլիոն: Հայտնվում է Տիբալտն իր Կապուլետ ընկերների հետ: Մոնտեգյուներն ու Կապուլետները ոխերիմ թշնամիներ են: Հանկարծակի կռիվ է սկսվում Կապուլետների և Մոնտեգյուների միջև, որին միանում են  նաև հայր Մոնտեգյուն և հայր Կապուլետը: Վերոնայի իշխանը մտնում է հրապարակ և կարգադրում է դադարեցնել ծեծը: Նա հրամայում է երկու գերդաստաններին էլ վերջ դնել իրենց երկարատև թշնամությանը և զգուշացնում է, որ հաջորդ անգամ մահապատիժ կլինի:

Ջուլիետի սենյակը : Մինչդեռ Կապուլետների տանը Ջուլիետը զվարճանում է իր դայակի հետ: Նրանց զվարճանքը ընդհատում է Ջուլիետի մայրը՝ ներկայացնելով Պարիսին որպես փեսացու:

Մի փողոց:  Մերկուտիոն և Բենուոլիոն փորձում են Ռոմեոյին շեղել երազանքներից և որոշում են գնալ Կապուլետների դիմակահանդեսին:

Մի սրահ Կապուլետի տանը:  Խնջույքն իր բուռն ընթացքի մեջ է, երբ մտնում են Ռոմեոն, Մերկուտիոն և Բենուոլիոն: Ռոմեոյի և Ջուլիետի հայացքները հանդիպում են, և այդուհետ նրանց ճակատագրերը միանում են: Տիբալտը ճանաչում է Ռոմեոյին և  հրամայում է նրան լքել պարահանդեսը, սակայն Կապուլետը միջամտում է: Մերկուտիոն փորձում է շեղել Տիբալտի  ուշադրությունը, մինչև Ռոմեոն և Ջուլիետը տարվել են միմյանցով:

Կապուլետի պարտեզը : Ռոմեոն գաղտագողի սողոսկում է Կապուլետների այգին՝ հույս փայփայելով կրկին տեսնել Ջուլիետին: Ջուլիետը հայտնվում է պատշգամբում և հանկարծ նկատում Ռոմեոյին: Երկու երիտասարդները սիրո խոստովանություն են անում:

Երկրորդ  գործողություն

Հրապարակ : Հրապարակը բուռն տոնախմբության մեջ է: Իսկ Ռոմեոն երազում է միայն իր Ջուլիետի մասին: Գալիս է Ջուլիետի դայակը՝ ձեռքին մի երկտող: Ռոմեոն կարդում է, որ Ջուլիետը սպասում է իրեն Հայր Լավրենտիոսի մոտ:

Հայր Լավրենտիոսի մոտ : Ռոմեոն և Ջուլիետը գաղտնի ամուսնանում են: Նրանց միակ վկան Ջուլիետի դայակն է: Հայր Լավրենտիոսը հույս ունի, որ այս ամուսնությունն ի վերջո կհաշտեցնի երկու հակամարտող ընտանիքներին:

Հրապարակ: Խնջույքը շարունակվում է: Մտնում են Տիբալտը և ընկերները՝ փոխելով տոնակատարության տրամադրությունը: Սկսվում է կռիվ, որի ընթացքում Տիբալտը սպանում է Մերկուտիոյին: Ռոմեոն իրեն կորցնում է վշտից և սպանում է Տիբալտին: Հրապարակ է ներխուժում տիկին Կապուլետը խելացնորհ  վիճակում: Ռոմեոն հասկանում է, որ հաշտեցման իր երազանքներն անհույս են:

Երրորդ գործողություն

Ջուլիետի սենյակը: Նորապսակ սիրահարների առաջին ու վերջին գիշերն է: Լուսաբացին Ռոմեոն պետք է հրաժեշտ տա իր սիրեցյալին և լքի Վերոնան: Դայակը զգուշացնում է, որ գալիս են Ջուլիետի ծնողները Պարիսի հետ միասին: Ջուլիետը մերժում է ամուսնանալ Պարիսի հետ, իսկ հայրը բարկանում է: Ծնողները դուրս են գալիս սենյակից: Ջուլիետը որոշում է օգնություն խնդրել Հայր Լավրենտիոսից:

Հայր Լավրենտիոսի մոտ : Ջուլիետն աղերսում է Հայր Լավրենտիոսին օգնել իրեն: Կրոնավորը տալիս է մի փոքրիկ սրվակ, որի պարունակությունը խմելուց հետո նա շատ խորը քնելու է և թվալու է՝ մահացած:

Ջուլիետի սենյակը:  Ջուլիետի ծնողները ևս մեկ անգամ համոզում են ամուսնանալ, և նա սառնասրտորեն համաձայնվում է: Երբ Ջուլիետը մնում է միայնակ, հակառակ տառապանքների և մտավախությունների, խմում է սրվակի ամբողջ հեղուկը: Առավոտյան Ջուլիետի ընկերուհիներն են գալիս, որպեսզի արթնացնեն նրան: Դայակը բերում է Ջուլիետի հարսանյաց զգեստը և տեսնում է Ջուլիետին մահացած:

Կապուլետների դամբարանը: Ռոմեոն խելակորույս վշտով մտնում է դամբարան: Մտածելով, որ Ջուլիետը մեռած է, թույն է խմում և մահանում: Ջուլիետն արթնանում է, և տեսնելով Ռոմեոյին մահացած, ինքնասպան է լինում: