Ժ. Բիզե- Ռ. Շչեդրին- Կարմեն Սյուիտ

Բալետ 1 գործողությամբ

Բեմադրության կենտրոնում գնչուհի Կարմենի և նրան սիրահարված զինվորի` Խոզեի ողբերգական պատմությունն է: Տևական չէ նրանց սերը: Կարմենը լքում է Խոզեին հանուն ցլամարտիկ Էսկամիլիոյի` հանուն սիրո և ընտրության կամքի ազատության: Հերոսների փոխհարաբերությունները և Կարմենի կործանումը կանխորոշված են Ճակատագրի կամոք: Այսպիսով, Կարմենի պատմությունը, ի տարբերություն գրական և երաժշտական սկզբնաղբյուրների, լուծված է խորհրդանշական բանալիով, ինչը մասնավորապես ընդգծվում է բեմական գործողությունների վայրի`ցլամարտի հրապարակ, միասնությամբ:

Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելով և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է  կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինը ընդամենը 20 օրում ստեղծում է Բիզեի «Կարմեն»-ի փոխադրումը: Վերադասավորելով հանրահայտ հատվածները` կոմպոզիտորը օպերայի երաժշտական նյութից կազմում է 13 համարից բաղկացած սյուիտ` պահպանելով այդ ժանրի հիմնական սկզբունքները (կերպարային, տեմպային, տեմբրային, ժանրային համադրումների և հակադրումների շարք): «Կարմեն-Սյուիտը» բեմադրվել է որպես մեկ գործողությամբ բալետ:

Վերագործիքավորված փոխադրման մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ: Ըստ Ալոնսոյի` «Կարմենի ամբողջ կյանքը կորիդա է»: Այս բնութագրող ասույթից էլ ծագել է Բորիս Մեսերերի նկարչական ձևավորումը: