Լ.Մինկուս — Դոն Կիխոտ

Բալետ  3 գործողությամբ

Դոն Կիխոտը` բազմաթիվ ռոմանտիկ-ասպետական պատմություններով հրապուրված, երազներով տարված, ճամփա է ընկնում անսովոր արկածներին ընդառաջ, որպեսզի անօրինակ սխրանքներով պանծացնի իր անունը: Նա իրեն զինակիր է կարգում Սանչո Պանսային` պարզամիտ ու երազանքների որևէ հակում չունեցող մի գեղջուկի:

Առաջին գործողություն

Բարսելոնայում տոնախմբություն է: Պանդոկապան Լորենցոյի դուստրը` Կիտրին, սեթևեթում է իր սիրած տղայի` Բազիլի հետ, բայց հասարակ սափրիչը աղջկա հոր համար պատշաճ փեսացու չէ: Մանավանդ, որ հարուստ ազնվական Գումաշը խնդրում է Կիտրիի ձեռքը: Սակայն սրան էլ աղջիկն է դեմ: Տոնը ծավալվում է: Կրակոտ պարի պահին հայտնվում են Դոն Կիխոտն ու Սանչոն: Ասպետը հարգալից ողջունում է պանդոկապանին, որը նրան հյուրասիրության է հրավիրում: Կատակասեր երիտասարդներն իրենց խաղի մեջ են գրավում  Սանչոյին` ծափ ու ծիծաղով  վեր-վեր թռցնելով նրան: Դոն Կիխոտն օգնության է շտապում իր զինակրին: Նկատելով Կիտրիին, որն ասպետին պատկերանում է որպես իր երազներում հայտնված «սրտի դիցուհի»` գեղեցկուհի Դուլսինեա: Բայց հակառակ նրա պաշտամունքի նշանների` Կիտրին ծլկում է Բազիլի հետ:

Երկրորդ գործողություն

Կիտրին ու Բազիլը պատսպարվել են պանդոկում: Նրանք անհոգ զվարճանում են ընկերների հետ: Հայտնվում են հետապնդողները և նրանց հետ նաև Դոն Կիխոտն ու Սանչոն: Լորենցոն ուզում է տեղնուտեղը հայտարարել Գումաշի ու Կիտրիի նշանադրության մասին: Բայց Բազիլը` Կիտրիի հետ նախապես պայմանավորված, իբր ինքնասպան է լինում: Կիտրին «ողբում է» սիրեցյալի «մահը»: Դոն Կիխոտն էլ` անչափ վշտացած, խիստ նախատում է անսիրտ պանդոկապանին և վռնդում Գումաշին: Բազիլն էլ «վերակենդանանում է», իսկ Դոն Կիխոտն էլ ստիպում, որ պանդոկապանը զիջի: Սակայն` ապարդյուն: Երիտասարդ զույգին ոչինչ չի մնում, քան նորից ծլկել:

Դոն Կիխոտը կրկին պատրանքների գրկում է: Նրան շրջապատել ու հալածում են երևակայական չարքերը: Ասպետը, տեսնելով հողմաղացները, ընդունում է դրանք չարքերի տեղ և նետվում մարտի, որն ավարտվում է իր պարտությամբ: Գալիս են վիրավոր Դոն Կիխոտն ու Սանչոն: Ասպետը դեռևս տեսիլքների գերության մեջ է: Նրան պատկերանում է Դուլսինեան` դյութիչ հավերժահարսերով ու հրեշտակներով շրջապատված: Սանչոն փորձում է սթափեցնել ցնորված տիրոջը:

Երրորդ գործողություն

Հաղթել է երիտասարդների սերը: Ամեն ինչ պատրաստ է պսակադրման հանդիսությանը: Դոն Կիխոտին ու Սանչո Պանսային հրավիրում են զբաղեցնելու պատվավոր հյուրերի տեղը: Սկսվում է ցնծալի տոնախմբությունը: Երջանիկ են Կիտրին ու Բազիլը: Դոն Կիխոտն օրհնում է նրանց միությունը…