Իսպանական ժողովրդական երաժշտություն — Լորկիանա

Բալետ 1 գործողությամբ

«Լորկիանա» բալետը ստեղծվել է Գարսիա Լորկայի հանճարեղ պոեզիայի ազդեցությամբ: «Ինձ համար Լորկայի ողջ պոեզիան մի անվախճան կրքոտ պար է, պար մտքի, զգացումի ու երևակայության»,-ասել է «Լորկիանայի» լիբրետիստ և բեմադրիչ Մարկ Մնացականյանը:

Թեև բալետում չկա Գ. Լորկայի այս կամ այն ստեղծագործության, սյուժեի անմիջական անդրադարձը, սակայն բեմադրությունը, նրա կերպարները, գործողության մթնոլորտը ամբողջապես հագեցված են մեծ արվեստագետի պոեզիայի ոգով:

Առաջին պատկեր

Սև զգեստ հագածին

Աշխարհը ողջ թվում է նեղ,

Իսկ սիրտը – անսահման մեծ,

Այն սևազգեստին:

Սիրեցյալի մահը ցնցել է գեղեցկուհի Սոլեդադին: Անցել է սգո քառասունքը, բայց Սոլեդադը չի մոռանում զոհված պատանուն, չի կարող հանել սևազգեստը իբրև հավետ վշտահար…Բայց կյանքը չի հաշտվում մահի հետ, համառորեն կանչում է Սոլեդադին: Նա տեսնում է արշալույսը, համակվում երիտասարդների ուրախությամբ, լսում իրեն առաջվա պես երգելու ու պարելու կանչող զրնգուն ձայները: Եվ նա հանում է սգազգեստն ու ինքնամոռաց պարի բռնվում` ջանալով մոռացում գտնել նրա խելահեղ տարերքի մեջ:

Երկրորդ պատկեր

Կանաչ երկնքի անհուն խորքերում

Կանաչ աստղն է առկայծում:

Ախ, ինպե՞ս անել, որ սերն անխափան

Առհավետ մնա:

Թվում է, կյանքը հաղթում է…Սոլեդադի սիրտը պատրաստ է նորից սիրել: Նա սիրահարվում է Տորերոյին, որին հանդիպում է ցլամարտի ժամանակ: Բայց աղջիկը չէր էլ կասկածում, թե որքան կենսունակ է անցյալը. նրա առջև հառնում է սիրեցյալի ստվերը…

Երրորդ պատկեր

-Օ, Սոլեդադ, դու ինքդ թախիծն ես,

Թախիծ ես ու տառապանք,

Քո արցունքը – կիտրոնահյութ,

Սպասումից դառնացած:

-Թախի՞ծ, ես վազում եմ խելահեղ

Ճամփաներով հեռավոր ու անծանոթ:

Տորերոյի նկատմամբ սիրով բռնկված` Սոլեդոդն իզուր է մարտչում անցյալի դեմ, իզուր փնտրում իր անտեսանելի ախոյանին: Խանդից տառապող Տորերոն աղերսում է Սոլեդադին մոռանալ անցյալը: Սակայն աղջիկն ինքն էլ չի հասկանում իրեն, նրա առջև, որպես լուռ հանդիմանություն, շարունակ հայտնվում է պատանու ստվերը: Սոլեդադը հուսահատ է: Եվ միայն մահն է փրկում նրան անցյալից ու իրավունք տալիս սիրելու Տորերոյին: Մահվան դեմհանդիման` Սոլեդադը մարտահրավեր է նետում անցյալին` իր սիրո մասին աղաղակելով Տորերոյին: Սոլեդադը պարում է իր հրաժեշտի պարը: