Ա. Ադան — ԺԻԶԵԼ

Բալետ 2 գործողությամբ

«Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչև հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ասես ձգտելով  նորից վերապրել իրենց երջանիկ  օրերը:

Վա˜յ այն անցորդին, որը կհանդիպի նրանց այդ պահին: Վրիժառութամբ համակված` «վիլլիսները» կքաշեն նրան իրենց շուրջպարի մեջ և կպտտեն այնքան մինչ մարդն անշնչացած գետին կտապալվի:

Առաջին գործողություն

Հեռավոր մի գյուղում ապրում է դեռատի Ժիզելը: Նրան համակել է անակնկալ երջանկությունը. սիրում է  գյուղում հայտնված Ալբերտին և հավատում, որ ինքն էլ սիրված է:

Ժիզելին սիրահարված անտառապահ Հանսը զուր է ջանում ապացուցել, որ նրա սիրեցյալ Ալբերտը ոչ թե հասարակ գեղջուկ է, այլ ծպտված ազնվական, որը կխաբի ու կլքի:

Որսն ավարտած ազնվազարմ պարոնայք և տիկնայք գյուղ են գալիս հանգիստ առնելու:

Հանսը` անակնկալ հանդիպումից ցնցված, մերկացնում է Ալբերտի ինքնությունը և այն, որ նա ամուսնանում է: Չդիմանալով սիրեցյալի խաբեությանը` ցնորված Ժիզելը մահանում է:

Երկրորդ գործողություն

Հարսանյաց հանդերձներով, ծաղկեպսակներով զուգված` պարում են «վիլլիսները» : Նրանց պարը գնալով դառնում է ավելի բորբոքուն ու կրքոտ: Չէ որ  պարին տրված ժամը լրանում է, և իրենք պետք է վերադառնան իրենց պաղ շիրիմները:

Խղճի խայթը գերեզմանատուն է բերել Հանսին: «Վիլլիսների»  տիրուհի Միրթայի նշանով` ոգիները մոլեգին պտտեցնում են նրան մինչ ի մահ:

Խոր գիշերով Ժիզելի թարմ շիրմին այցի է գալիս նաև Ալբերտը: «Վիլլիսներն» անմիջապես շրջապատում են պատանուն: Հանսի սոսկալի ճակատագիրն է սպառնում  նաև Ալբերտին: Սակայն Ժիզելի մարմնացած ոգին փրկում է նրան «վիլլիսների» զայրույթից` Ալբերտի համար հավերժ մնալով իբրև մահից զորեղ, անմար սեր: