Արմենուհի Սեյրանյան

FsVdSBjUco4сдсд

 Կենսագրություն

Արմենուհի Սեյրանյանը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է 1996թ.-ից և դասավանդում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգեցողության երկրորդ ամբիոնում 1998թ.-ից: Դոցենտ է 2009թ.-ից: Արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման 2015թ.-ին:

Մեներգել է՝ բազմիցս կատարելով Անուշի դերերգը Ա.Տիգրանյանի “Անուշ”, Վիոլետայի դերերգը Ջ.Վերդիի “Տրավիատա” և Օլիմպիայի դերերգը Տ.Չուխաջյանի “Արշակ Երկրորդ” օպերաներում: Շուրջ քսանհինգ տարվա աշխատանքը զուգակցել է նաև “Շարական” անսամբլի հետ, որի մենակատարն է /գեղ. ղեկավար՝ Դանիել Երաժիշտ/:

Նրա մեներգեցողությամբ ձայնագրվել է հոգևոր երգերի երեք լազերային սկավառակ, որոնցից մեկը թողարկել է 1996թ.-ին Celestial Harmonies ֆիրման ԱՄՆ-ում: Հայաստանի հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ունի շուրջ քառասուն ձայնագրություններ, որոնք ընդգրկում են Մաշտոցից մինչև Կոմիտասի երգերը: Նրա համերգային հայտագրերում կան  նաև ժողովրդական և ժամանակակից երգեր: Արմենուհի Սեյրանյանը հեղինակ է հինգ գիտամեթոդական հոդվածների՝ հրատարակված գիտական ժողովածուներում և “Երաժշտական Հայաստան” միջազգային գիտական ամսագրում:

Նա համագործակցել է Ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ֆրանսիական “Գզերեմիա” անսամբլի և արտերկրների մի շարք մենակատարների հետ: Երգեհոնահար, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հետ համերգներով հանդես է եկել Սիրիրայում: Ձայնագրվել է Իրանում նկարահանված “Սուրբ կույս Մարիամ” ֆիլմում : Արժանացել է Հս. Կորեայում կայացած միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին և ոսկե գավաթին:

Դիրիժոր Օհան Դուրյանի և Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, նաև նրա դաշնամուրային նվագակցությամբ կատարելով նաև Օ.Դուրյանի երգերը բազմիցս ելույթներ է ունեցել Հայաստանում, ԼՂՀ-ում և Ֆրանսիայում: “Շարական” անսամբլի հետ ելույթներ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Արժանացել է Վեհափառ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրվատանքներին: Վեհափառ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի “Արարատ” երգի միակ կատարողն է: Մասնակցել է կառավարական միջոցառումների: Համագործակցել է նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Արամ Սաթյանի, Տիգրան Մանսուրյանի, Վարդ Մանուկյանի, Աշոտ Բաբայանի և այլոց հետ:

Իր մենահամերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Կորեայում, ԼՂՀ-ում և այլ երկրներում:

Գնումներ