Ավագ Պետրոսյան 105

Մարտի 16-ին, ժամը՝ 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ անվանի օպերային երգչի հուշաքանդակի մոտ //Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկ// տեղի կունենա հոբելյանական միջոցառում: Ներկա կգտնվեն Ավագ Պետրոսյանի հարազատները, արվեստի երկրպագուները և օպերային թատրոնի անձնակազմը՝ գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու անվանի օպերային երգչ Ավագ Պետրոսյանի 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային արվեստի պատմության մեջ: Նրա ստեղծագործական ողջ կյանքը կապված է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: 1956թ. Մոսկվայում, Հայ արվեստի և գրականության տասնօրյակին, Երևանի օպերային թատրոնի առաջնակարգ մենակատար Ա.Պետրոսյանը մեծ հաջողություն է արձանագրում՝ հանդես գալով Սարոյի, Սանթուրի և Տիրիթի դերերգերում և պարգևատրվում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանանում Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Այս առթիվ Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծահամբավ Բորիս Պոկրովսկին գրել է. «Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը»: Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում նա ստեղծել է անմոռանալի կերպարների մի ողջ համաստեղություն՝ Սարո և Սանթուր (Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ»), Աշուղ և Շեյխ (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Քյոռ-օղլի (Ու.Հաջիբեկովի «Քյոռ-օղլի»), Կարո (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Տիրիթ (Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Վահան (Հ.Ստեփանյանի «Հերոսուհին»), Սոս (Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր»), Սեյրան (Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռաուլ (Մեյերբերի «Հուգենոտներ»), Ռադամես և Մանրիկո (Վերդիի «Աիդա» և «Տրուբադուր») օպերաներում և այլն: Այս դերերգերին հատուկ են եղել իրական պրոֆեսիոնալիզմն ու պետրոսյանական ինքնատիպ արտիստիզմը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որտեղ ի հայտ են եկել նրա վոկալ-մասնագիտական ու դերասանական լավագույն առանձնահատկությունները:

Գնումներ