«Անուշի» վերջին «Մշակութային կանգառը» Աբովյանում էր

22752734_1929782823716332_665583419_n

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները հոկտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Ներկայացումը տեղի է ունեցել լեփ լեցուն դահլիճում և մեծ խանդավառությամբ է ընդունվել աբովյանցիների կողմից: Աբովյան քաղաքի տարեդարձի առթիվ համայնքի ղեկավարությունն աբովյանցիներին նվեր է արել այս ներկայացումը՝ ապահովելով ազատ մուտքի հնարավորություն:

Աբովյանում տեղի ունեցած ներկայացումը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Օպերային թատրոնի վերջին կանգառն էր:

Այս տարվա փետրվարից սկսած Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան ներկայացվել է Արմավիրի մարզի Մեծամորի մշակույթի տանը, Սյունիքի մարզի Գորիսի պետական դրամատիկական թատրոնում, Շուշիի մշակույթի և երիտասարդության տանը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և վերջինը՝Կոտայքի մարզի Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում մինչև տարեվերջ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

 

Գնումներ