Անահիտ Մխիթարյան

Կենսագրություն

Ծնվել է Հայաստանում` Էջմիածին քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ գերազանցությամբ: Ավարտել է նաև նույն կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրան

Խաղացանկ

  • Կարինե՝ «Կարինե»,
  • Օլիմպիա՝ «Արշակ Երկրորդ»,
  • Անուշ՝ «Անուշ», Պաոլինա՝ «Պողիկտոս»,
  • Կոնստանցա՝ «Առևանգում հարեմից»,
  • Ռոզինա՝ «Սևիլյան Սափրիչ»,
  • Դեզդեմոնա՝ «Օթելլո»,
  • Ջիլդա՝ «Ռիգոլետտո»,
  • Նեդդա՝ «Պայացներ»,
  • Լյուչիա՝ «Լյուչիա Դի Լամմերմուր»,
  • Վիոլետա՝ «Տրավիատա»,
  • Նորմա՝ «Նորմա»,
  • Ելվիրա՝ «Պուրիտաններ» և այլն:

Հյուրախաղեր

Մեծ հաջողությամբ մենահամերգներ և օպերային ներկայացումներ է ունեցել Ավստրիայում (Վիեննա), Անգլիայում (Լոնդոն), Շվեդիայում (Ստոքհոլմ, Գոտեբուրգ), Շվեյցարիայում (Ժնև), ԱՄՆ-ում (Լոս-Անջելես, Վաշինգտոն), Ավստրալիայում (Սիդնեյ), Ֆրանսիայում (Փարիզ), Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Սան-Սեբաստիան, Պամպլոնա, Լա Կորունիա, Մերիդա, Սեվիլիա…), Լիբանանում (Բեյրութ), Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա), Միացյալ Արաբական Էմիրություններում (Դուբայ, Աբու Դաբի), Բրազիլիայում (Ռիո Դե Ժանեյրո, Սան Պաուլո) և այլուր:

Անահիտ Մխիթարյանը հանդես է եկել` Գայարրեի oպերային թատրոնում` (Lյուչիա «Լյուչիա Դի Լամմերմուուր»), Մերիդայի հնագույն Ամֆիթատրոնում, հանրահայտ “Festival de Teatro Clasico”-ում` (Պաոլինա «Պողիկտոս»), Սևիլիայում և Կորունիայի Կոլոն Թատրոնում` (Դեզդեմոնա «Օթելլո»), Լոս Անջելեսի հանրահայտ Շռայն Աուդիտորիումում` (Անուշ «Անուշ»), Մոսկվայի Մեծ Թատրոնում` (Նորմա «Նորմա») և այլուր:

Սկսած 2000թ.-ից Անահիտ Մխիթարյանը հանդես է գալիս Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով և պատարագներով՝ աշխարհի մի շարք երկրներում՝ Անգլիա (Լոնդոն), Իսպանիա (Բարսելոնա), Լիբանան (Բեյրութ), Եգիպտոս (Կահիրե), Սիրիա (Հալեպ, Տեր Զոր), Ավստրալիա (Սիդնեյ), Ավստրիա (Վիեննա), Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) և այլն:

Համերգներով հանդես է եկել մի շարք հանրաճանաչ բեմահարթակներում` Գրան Տեատրո դել Լիսեո, Պալաու դե լա Մուզիկա Կատալոնիա (Բարսելոնա), Սալ Գավո համերգասրահ (Փարիզ), Մալմոյի համերգասրահ (Շվեդիա), Աուդիտորիում դե Մադրիդ (Մադրիդ), Սան Ջոնս Սմիթ Սքուեըր (Լոնդոն), Սյունազարդ դահլիճ (Մոսկվա), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի Մեծ Դահլիճ, Մարինյան Թատրոն (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:

Անահիտ Մխիթարյանը համագործակցել է Մադրիդի RTVE Սիմֆոնիկ նվագախմբի, Պաբլո Սարասատե սիմֆոնիկ նվագախմբի, Մալմոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բարսելոնայի Գրան Տեատրո դել Լիսեո օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լիբանանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ռուսաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Մարինյան Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև հանրահայտ դիրիժորներ Գոմես Մարտինեսի, Ջիանանդրեա Նոզեդայի, Վլադիմիր Սպիվակովի, Միգել Օրտեգայի և այլոց հետ:

Մրցանակներ

1990թ. մասնակցում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Ֆրանցիսկո Վինյասի» անվան վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ նվաճում է Առաջին մրցանակը, Ոսկե մեդալ, «Գրան Պրին»: Ժյուրիի նախագահն էր հանրահռչակ օպերային երգչուհի Մագդա Օլիվիերոն: Անահիտ Մխիթարյանին շնորհվել է նաև Կատալոնիայի Կառավարական Հատուկ պարգևը:

  • 1991թ. Իտալիայում` «Վինչենցո Բելլինիի» անվան միջազգային մրցույթում, դարձյալ Առաջին մրցանակը, «Գրան Պրին» և Ոսկե մեդալը շնորհվում է հայ երգչուհուն: Պարգևներն Անահիտ Մխիթարյանին է հանձնում ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ երգչուհի Ջոան Սադրլենդը:
  • 1996թ. «Գայարե Կարերաս» միջազգային մրցույթում, որը տեղի էր ունենում  Իսպանիայի Պամպլոնա քաղաքում, երգչուհին նվաճում է Առաջին տեղը, «Գրան  Պրին» և Ոսկե մեդալը: Ժյուրիի պատվավոր նախագահն էր հանրահայտ տենոր Խոսե Կարերասը, որի ձեռքից էլ Անահիտ Մխիթարյանը ստանում է նվաճած պարգևները:
  • 2003թ. Անահիտ Մխիթարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում:
  • 2013թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:
  • 2013թ. Անահիտ Մխիթարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով՝ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
  • 2014թ. «Տարվա մարդիկ» նախագծի շրջանակներում Անահիտ Մխիթարյանը ճանաչվել է «Տարվա դասական երաժշտության լավագույն կին կատարող»:
Գնումներ